Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումն Իսրայելի վրա չի կարող արդարացում լինել Գազայի ոչնչացման համար։ Կողմերը պարտավոր են զինված հակամարտությունների ժամանակ պահպանել միջազգային կանոնները, ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Սակայն այս հարձակումը (Համասի կողմից Իսրայելի վրա՝ խմբ.) իր հերթին չի կարող արդարացում լինել Գազայի ոչնչացման համար։ Կողմերը չպետք է անտեսեն իրենց իրավական պարտավորությունները՝ կապված պատերազմի մեթոդների և միջոցների հետ», – ասվում է հայտարարությունում։
Կազմակերպությունը հավելում է, որ Իսրայելի կառավարության պահանջը Գազա քաղաքի բնակիչներին անհապաղ լքել իրենց տները՝ զուգորդված լիակատար շրջափակման հետ, որը զրկել է նրանց սննդից, ջրից և էլեկտրականությունից, հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին:
«Երբ ռազմական իշխանությունները կարգադրում են մարդկանց լքել իրենց տները, պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները բնակչությանը առաջին անհրաժեշտության պարագաներով (օրինակ՝ սնունդ և ջուր) ապահովելու և հարազատների բաժանումը կանխելու համար», – ընդգծում է ԿԽՄԿ-ն։