2024 թվականին` մեծանուն շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուշարձանի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզները կներկայացվեն հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը (հանձնաժողովի 12 հոգանոց կազմում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, Ազնավուրի ընտանիքի անդամներ, ոլորտի հեղինակավոր մասնագետներ):
Գործընթացի մասնակցայնությունն ապահովելու և տեղադրվելիք արձանի ընտրության հարցում քաղաքացիների կարծիքները հաշվի առնելու նպատակով` «Ակտիվ քաղաքացի» հարթակում մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ն, քաղաքացիները կարող են քվեարկել ներկայացված նախընտրելի նախագծի օգտին:
Ստացված ձայները կներառվեն ու կարտացոլվեն հանձնաժողովի քվեարկության արդյունքներում:
Հուշարձանի նախագծերը կարող եք տեսնել և քվեարկել այստեղ։