Զվարճանալ ցանկանալու արդյունքում 16 տարին չլրացած ընկերուհին մահացել է

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Զավեն Վարոսյանին առաջադրված մեղադրանքի քննությունն ավարտվել է:

Ամբաստանյալին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի 17-ին՝ կեսգիշերին,  գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում,  իր  ավտոմեքենան վարելու համար հանձնել է վարորդական իրավունքի վկայական չունեցող, իր հետ ալկոհոլ օգտագործած և թեթև աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող իր ընկերուհուն՝ Նաիրա Ղուկասյանին, որով շրջել են Արմավիր քաղաքում:

Այնուհետև, հաջորդ օրը առավոտյան ժամը 05:00-ին,  Նաիրա Ղուկասյանը նույն մեքենան թույլատրելի արագությունը գերազանցող արագությամբ վարել է Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհով, որի արդյունքում թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախատում: Արդյունքում,  ստեղծել է վթարային իրադրություն` ինքն իրեն զրկել այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, շրջվել ավտոճանապարհի աջակողմյան մասում գտնվող դաշտի մեջ, ինչի հետևանքով մահացել է:

Նախկինում չդատված 28-ամյա ամբաստանյալ Զավեն Վարոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  243 հոդվածով: Այսինքն՝ տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը, եթե դրա հետևանքով առաջացել են սույն օրենսգրքի 241-րդ (Երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը) կամ 242-րդ (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) հոդվածներով նախատեսված հետևանքները՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Դատարանը վճիռ կայացնելիս,  որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել  հանցագործության համար անկեղծորեն զղջալը, ինքնախոստովանական ցուցմունքներ տալը, ինչպես նաև անձը դրական բնութագրող տվյալները՝ ամբաստանյալը երիտասարդ է, նախկինում դատված կամ արատավորված չի եղել, խնամքին են երեք անձ, ընտանիքի միակ կերակրողն է, չի աշխատում, ֆիզիկապես առողջ է, բնութագրվում է դրականորեն:

Հաշվի առնելով հիշյալ հանգամանքերը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճռեց Զավեն Վարոսյանին դատապարտել ազատազրկման 6 ամիս ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով: 

Նշված վճիռը բողոքարկվել է Երևան քաղաքի վերաքննիչ քրեական դատարան, որտեղ վերաքննիչ բողոքը բավարարել:

Ըստ նշված դատարանի որոշման՝  Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժի մասով պետք է փոփոխվի: Նշանակված պատիժը` ազատազրկումը  6 ամիս ժամկետով պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան մեկ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել