Հայկական լոբբիի շնորհիվ «Աթաթուրք» սերիալը չի հեռարձակվելու Disney Plus-ի հարթակներում

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը «ամոթալի» է որակել այն, որ Disney Plus-ը ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը և «Աթաթուրք» սերիալը չի հեռարձակվելու, հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի նախագահ Էբուբեքիր Շահինն իր հերթին հայտնել է քննություն սկսելու մասին:

«Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Ղազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը մեր կարևորագույն հանրային արժեքն է։ Հայկական լոբբիի միջամտության մասին պնդումները, որոնք տարածվում են մամուլում, մանրակրկիտ հետաքննվում են»,-հայտարարել է նա։

Twitter-ում ակտիվ գործող թուրքական Kürsü հարթակը ևս սերիալի հեռարձակման չեղարկման լուրերի առնչությամբ որոշ միությունների հետ համատեղ հայտարարության տեքստ է հրապարակել:

Twitter-ում թեմային անդրադարձել է նաև «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն․

«Բացարձակապես անընդունելի է, որ սփյուռքի և լոբբիի գործունեությամբ խոչընդոտվի մեր հանրապետության հիմնադիր Ղազի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ կապված սերիալը»,- նշել է նա։

Հարցին կոշտ են արձագանքել նաև «Ժողովրդահանրապետական» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Օզգյուր Օզելը, «Լավ» կուսակցության խոսնակ Քյուրշադ Զորլուն։

Լրագրող Ջանդաշ Թոլգա Ըշըքը երեկ, իր հերթին, թվիթերում գրել էր, թե հարցին անձամբ միջամտում են Հաքան Ֆիդանն ու Իբրահիմ Քալընը և վաղը Disney-ը հայտարարությամբ է հանդես գալու։

Ավելի վաղ թուրքական մերձիշխանական YeniŞafak օրաթերթը գրել էր, թե Թուրքիայի Հանրապետության հիմնադրի և առաջին նախագահի մասին պատմող «Աթաթուրք» սերիալը չի ցուցադրվելու Disney Plus-ի հարթակներում, քանի որ ենթարկվել է հայկական լոբբիի դիմադրությանը։

Սերիալը, որի վրա ծախսվել է 8 միլիոն դոլար, որպես ֆիլմ հոկտեմբերին ցուցադրվելու է միայն Թուրքիայի կինոթատրոններում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել