Հորդորում եմ զերծ մնալ դատարանի նախագահի գործողություններին գնահատական տալուց. Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ

դատավորների միությունը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի կողմից գրություն է ստացել՝ ՀՀ դատական դեպարտամենտի հայտարարության առնչությամբ:

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի գրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հաշվի առնելով, որ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրաժարվում է  արձագանքս հան­րա­յնացնել՝ հետևապես դիմում եմ Դատավորների միությանը։

Այսօր տարբեր լրատվական կայքերում տարածված՝ ՀՀ դատական դեպարտամենտի հայտարարության կապակցությամբ հայտնում եմ, որ մամուլում հիշատակված 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ԲԴԽ-16-Ն-6 որոշման Հավելված 2-ի 3-րդ մասի 11-րդ կետի վերաբերյալ դեռևս 2023 թվականի փետրվարի 20-ին գրությամբ դիմել եմ ԲԴԽ աշխատակազմ՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին և առաջարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի մասով նախաձեռնել փոփոխություններ՝ հաշվի առնելով, որ Վե­րաքննիչ քրեական դատարանում առկա է 9 դատական կազմ և դատարանի նախագահը ներգրավված է դատական կազմում։ Կից ներկայացվում է այդ գրության պատճենը։

Հանրությանն ավելի մատչելի ներկայացնելու հրամայականից ելնելով՝ մանրամասն ներկայացնում եմ առկա իրավիճակը։

Մինչև 2023 թվականի հունիսի 15-ը ՀՀ-ում գործում էր 3 վերաքննիչ դատարաններ՝ Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական և Վերաքննիչ վարչական։ Վերաքննիչ քաղաքացիական և վարչական դատարանների նախագահներն ընդգրկված չեն եղել և առ այսօր ընդգրկված չեն որևէ կայուն դատական կազմում, մինչդեռ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն ընդգրկված է դատական կազմում, այսինքն՝ այդ կազմում ինձ են մակագրվում դատական գործեր թե՛ որպես նախագահող դատավոր, թե՛ որպես կազմի դատավոր։ Հետևապես, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը չի կարող ընդգրկվել բոլոր չհամալրված կազմերում՝ հատկապես այն իրավիճակում, երբ Վերաքննիչ քրեական դատարանում ամիսներ շարունակ, նույնիսկ այս պահին առկա են  դատավորի թափուր հաստիքներ։

Ավելին՝ նախնական ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում մոտ 130 դեպքերով տարբեր կազմեր համալրվել են 15 դատավորներով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր դատավորի ծանրաբեռնվածությունը։ Ստացվում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը միայն 3 ամսում ներգրավվելու էր նշված քանակի գործերով, ինչի մեկնաբանությունը ներկայացնում եմ հանրության դատին։

Ընկալելով Դատական դեպարտամենտի կողմից միայն այժմ արվող հայտարարության տրամաբանությունը և դրան հաջորդող քայլերը՝ հորդորում եմ զերծ մնալ դատարանի նախագահի գործողություններին գնահատական տալուց։

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մ․Պապոյան»,- ասվում է գրության մեջ:

Կից ներկայացվում է նաև գրության պատճենը:

Նշենք, որ Դատական դեպարտամենտն այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը դիմել է ՀՀ դատական դեպարտամենտին իր անուն-ազգանունը դատական գործերի բաշխման ցանկից նվազագույնը 2 ամսով հանելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ի թիվս այլնի, նշել է, որ հինգ տարբեր դատական կազմերում ներգրավվել է որպես դատական կազմի դատավոր, ինչը հավելյալ ծանրաբեռնվածության պատճառ է դարձել:

Դատավորի դիմումի հիման վրա՝ ՀՀ Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2023 թվանակի մարտի 20-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի մակագրությամբ՝ Ռ. Մխիթարյանը մեկ տասնյակից ավելի գործերով ընդգրկվել է տարբեր կազմերում՝ որպես դատական կազմի դատավոր:

Բացի այդ՝ դատավոր Ռ. Մխիթարյանը հայտնել է, որ դատական կազմերում ներգրավված լինելու մասին տեղեկացել է ներգրավվելուց հետո, ուստի իր կողմից որևէ համաձայնություն դրանցում ներգրավվելու մասով չի տրվել:

Հարկ ենք համարում նշել, որ դատական կոլեգիալ կազմերի ձևավորման, դատական գործերի բաշխման, ինչպես նաև համապատասխան հիմքերի առկայության դեպքում դատական գործերի վերաբաշխման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Հայաստանի Հնարապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ԲԴԽ-16-Ն-6 որոշմամբ սահմանված կարգով:

Ըստ նշված որոշման Հավելված 2-ի, 3-րդ գլխի 11-րդ կետի՝ դատարանների նախագահներն են փոխարինում դատական կազմերի բացակայող դատավորներին՝ բացառությամբ դատարանի նախագահի կողմից վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցության անհնարինության դեպքերի։

Ստացվում է, որ ԲԴԽ որոշմամբ սահմանված կարգը շրջանցվել է, որի հետևանքով վատթարացնող իրավիճակ է ստեղծվել դատավոր Ռ. Մխիթարյանի համար՝ ավելացնելով նրա ծանրաբեռնվածությունը:

Դատական դեպարտամենտը կարևոր է համարում ևս մեկ անգամ ընդգծել վերոնշյալ որոշման պարտադիր բնույթը բոլոր համապատասխան պաշտոնյաների համար և հույս է հայտնում, որ Բարձրագույն դատական խորհրդի այս և այլ որոշումների դրույթներն այսուհետ անշեղորեն կկատարվեն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել