Այն ուսուցիչները, որոնք չեն ունենա բարձրագույն կրթություն՝ այլևս չեն կարողանալու աշխատել դպրոցներում։
Այս մասին ասաց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, այսօր՝ հունիսի 26-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ։
«Շուրջ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը ուսուցիչների համար սահմանել է պահանջ, որպեսզի նրանք պարտադիր ունենան բարձրագույն կրթություն։ Եվ տրվել է որոշակի ժամանակահատված՝ դպրոցներում գործող ուսուցիչներին սովորել և ձեռք բերել բարձրագույն կրթություն։ Բազմաթիվ ուսուցիչներ գնացել են այս ճանապարհով, սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համակարգում դեռևս մնացել են 1300-ից ավելի ուսուցիչներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն և շարունակում են աշխատել դպրոցներում։ Այս անձինք այլևս չեն կարողանալու աշխատել մեր դպրոցներում այս տարվա օգոստոսի 20-ից սկսած»,- ասաց Անդրեասյանը։
Նա նշեց, որ առաջարկում է նաև նրանց ընձեռնել հնարավորություն մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին։
«Եթե այդ գործընթացները տվյալ ուսուցիչները անցնեն հաջողությամբ, նրանց կտրվի հնարավորություն շարունակելու իրենց ուսուցչական գործունեությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հետաքրքրվել է` միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորումը հաջողությամբ հաղթահարելու դեպքում հնարավորություն կունենան միայն շարունակելո՞ւ աշխատանքը, թե՞ նաեւ աշխատավարձի ավելացում է նախատեսվում: Նախարարը պարզաբանել է, որ կամավոր ատեստավորումը հաջողությամբ հաղթահարած այդ ուսուցիչների պարագայում նույնպես գործելու է խրախուսման նույն քաղաքականությունը: «Այսինքն` 70 տոկոս եւ ավելի հավաքելու պարագայում նրանց դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ, եւ այնուհետեւ, կախված արդյունքից, 30-50 տոկոս հավելավճար կգործի: Կապ չունի, որեւէ կերպ, որ ուսուցիչները միջին մասնագիտական կրթություն ունեն»,-ասել է նա: Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ կամավոր ատեստավորումը համարվում է հաղթահարված, եթե հավաքվել է 60 տոկոս, իսկ խրախուսման քաղաքականությունն սկսում է գործել առնվազն 70 տոկոս հավաքելու դեպքում:
Մանրամասները՝ տեսանյութում