Պատերազմի հետևանքով ոտքերը կորցրած տղաներին զրկել են հաշմանդամության առաջին խմբից․ նրանք խնդիրների են բախվում

Իրավաբան, հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներին, որոնք չունեն ստորին վերջույթներ, զրկել են հաշմանդամության առաջին խմբից։

Մամիկոն Խուրշուդյան

Iravaban.net-ի հետ զրույցում նա ասաց, որ այս խնդիրը դեռ նախորդ տարվանից է սկսվել․ «Անցած տարի, երբ սկսվեց այդ ալիքը, հիմնականում 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող տղաներն էին զրկվում։ Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող տղաներին դեռ այդ «սպասռնալիքը» չկար»։

Խուրշուդյանը նշեց, որ խնդրի մասին հենց պատերազմի մասնակիցներից է տեղեկացել։

«Ես պարբերաբար շեշտում եմ, որ այս խնդրի բարոյական կողմն առհասարակ հաշվի չի առնվում։ Կան այնպիսի պարզաբանումներ, որ եթե տղաները պրոթեզավորվել են պետության ֆինանսավորմամբ, ապա իրենք արդեն լիարժեք մարդ են և կարող են գնալ ու աշխատել։

Տղաներից շատերը պրոթեզավորվել են մասնավոր հիմնադրամների միջոցներով։ Ասում են՝ ոտքերը պետք է ծնկից վերև կտրված լիներ, որ առաջին խմբում մնային։ Այդպիսի ստանդարտներ կան»,-ասաց Խուրշուդյանը։

Նա նաև հայտնեց, որ տղաների ծնողները զբաղվում են խնդրով, նաև փաստաբաններից մեկը պատրաստակամություն է հայտնել դատական կարգով հարցը վիճարկել։

Զառա Մանուչարյան

Iravaban.net-ը կապ հաստատեց նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։

«Կոնկրետ դեպքով մեկնաբանություն չեմ կարող տալ, քանի որ բժշկական գաղտնիք է պարունակում։ Բայց, եթե քաղաքացին գտնում է, որ իր խումբը իր համար չէ, կարող է բողոքարկել։ Եռաստիճան բողոքարկման համակարգ կա։ Սկզբում կարող են Միասնական սոցիալական ծառայության պետի անունով դիմում գրել։ Կձևավորվի հանձնաժողով և կկատարվի հաշմանդամության խմբի վերանայման վերափորձաքննություն։ Եթե դրանից հետո էլ քաղաքացին համաձայն չի լինի կայացրած որոշման հետ՝ նորից կարող է բողոքարկել, այդ դեպքում արդեն դիմում կլրացնի նախարարի անունով, դրանից հետո արդեն փորձագետները կուսումնասիրեն փաստաթղթերը և կամ որոշումը կփոփոխեն կամ նույնը կմնա»,-ասաց ԱՍՀՆ մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը։

Մենք զրուցեցինք նաև Հովսեփ Առաքելյանի և Արամ Արզումանյանի հետ, որոնք պատերազմի հետևանքով զրկվել են ոտքերից, իսկ հիմա նաև հաշմանդամության առաջին խմբից։

Հովսեփը պատմեց, որ ինքը բողոքարկել է և հունիսի 26-ին պետք է նորից գնա հետազոտման։ Այդ օրը պարզ կլինի՝ խումբը կփոխեն, թե ոչ։

«Ես իրենց բացատրում եմ, որ եթե պետությունն ինձ տվել է պրոթեզներ, բայց ձախ ոտքս միշտ բորբոքվում է, չեմ կարողանում պրոթեզ հագնեմ,  ո՞նց եք ինձ երկրորդ խմբի հաշմանդամություն տալիս։ Ասում են, որ եթե անկողնային են, չեն կարողանում տեղաշարժվել, իրենց են առաջին խումբ թողնում։ Այսինքն պետք է սայլակով լինի, որ լիարժեք հաշմանդամ համարվի։ Ժամանակ առ ժամանակ ոտքս բորբոքվում է, երբեմն երկու ոտքս, ստացվում է՝ ես մոտ մեկ շաբաթ անկողնային եմ դառնում։ Ստացվում է, որ ես ոչ լիարժեք երկրորդ խմբի զինհաշմանդամ եմ, ոչ էլ՝ առաջին։ Այդպես որոշվեց, որ պետք է երկրորդ խումբ տան»,-ասաց Հովսեփ Առաքելյանը։

Նա նշեց, որ մինչև հիմա ոչ ոքի չի դիմել, եթե հունիսի 26-ին նորից հաշմանդամության նույն խումբը թողնեն, արդեն կմտածի, թե ում դիմել։

«Երկու ոտքս ամպուտացված է։ Ասել են, որ եթե պետության կողմից պրոթեզավորվել եմ, հետևաբար առաջին խմբից տեղափոխվել եմ երկրորդ խումբ, բայց ես Զինվորի տանն եմ պրոթեզավորվել, հիմնադրամի գումարներով, որովհետև պետության գումարով այս պրոթեզներից հնարավոր չէր ձեռք բերել»,-ասաց Արամ Արզումանյանը։

Նրա խոսքով՝ մեկ անգամ բողոքարկել է, այն վերանայել են ու նորից թողել են 2-րդ խումբ։ Նա նորից է բողոքարկել։ Արամի խոսքով՝ եթե նորից առաջին խումբ չտեղափոխվի՝ դատարան կդիմի։

«Մինչև վերջ գնալու եմ, Եվրոպական դատարան էլ կդիմեմ։ Ես խնդիրներ եմ ունենում, տարբեր դիմումներ եմ ներկայացրել։ Խնդրել եմ, որ պրոթեզներս նորից փոխեն։ 6 ամսվա ընթացքում պրոթեզներս փոխել են։ Դրանից հետո նորից խնդիրներ է առաջացել, անընդհատ վերքեր, գոյացություններ են առաջանում ոտքերիս։ Ես բժշկական թուղթ ունեմ, որ պրոթեզ կրելուց իմ ոտքերին խնդիրներ են առաջանում։

Երբ առաջին անգամ բողքարկեցի նաև այդ թուղթն էի ներկայացրել, բայց ասացին, որ դա հիմք չէ։ Ասացին՝ ներկա ահին ոտքերիդ վերքեր չկան։  Ներկա պահին, ոտքերիս էլի վերքեր կան, կապտուկներ, մի հատվածը ուռել է, փաստացի այս պահին պրոթեզ չեմ կարող հագնել»,-ասաց Արամ Արզումանյանը։

Նշենք, որ առաջին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, երկրորդ և երրորդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով։

Հունիսի 14-ին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս թեմային անդրադարձավ նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ հարցը մշտապես գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում։

«Իսկ առհասարակ, թե ինչպես է կատարվում բժշկասոցիալական փորձաքննությունը, դա առողջապահական համակարգից, այսինքն բժիշկներից կազմված բժշկասոցիալական փորձաքննության հատուկ հանձնաժողովներ են, որոնք գնահատում են ոչ միայն անձի բժշկական կամ առողջապահական վիճակը այլ նաև ֆունկցիոնալությունը և ըստ ֆունկցիոնալության գնահատական է տրվում։ Թե ինչու է փոփոխություն կատարվում նրանց հաշմանդամության խմբի մեջ, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հիմնականում պատերազմի մասնակիցները, երբ որ ստացել են հաշմանդամության որոշակի խումբ, դա տեղի է ունեցել մինչև պրոթեզավորման գործընացն անցնելը, ըստ էության մեր զինվորներն ունեցել են ֆունկցիոնալության խնդիր, այսինքն շարժունակության խնդիր, հետևաբար այդ ժամանակահատվածում շատ հնարավոր է, որ ստացած լինեն առաջին խումբ, իսկ պրոթեզավորման փուլին հասնելու համար հաճախ ունեցել ենք տղաներ, որոնք որ սպասել են մեկ տարի կամ ամիսներ։ Հետևաբար պրոթեզավորումը ստանալուց հետո տեղի է ունենում վերափորձաքննություն, որի արդյունքում որոշում է կայացվում, եթե օրինակ՝ վերականգնվել է ֆունկցիան, այսինքն ունի շարժունակություն, հետևաբար փոփոխություն է կատարվում հաշմանդամության խմբում»,-ասաց նախարարը։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել