Միջնորդություն եմ ներկայացրել դատարանին՝ լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ․ փաստաբան

Վստահորդիս՝ Տիգրան Ավինյանի հետ քննարկելով ստեղծված իրավիճակը՝ մեր հայցով լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ կիրառված հայցի ապահովման միջոցի մասով և ի արձագանք ս.թ. մայիսի 12-ի հայաստանյան լրագրողական կազմակերպությունների կողմից տարածված հայտարարության, ինչպես նաև ընդգծելու համար Տիգրան Ավինյանի դիրքորոշումը՝ որևէ լրատվամիջոցին սնանկացնելու կամ հատուկ որևէ ֆինանսական անհարմարություններ պատճառելու նպատակ չունենալու մասին, այսօր միջնորդություն եմ ներկայացրել դատարանին՝ լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է փաստաբան Հարություն Հարությունյանը։

«Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ ցանկացած լրատվամիջոց և լրագրող, իր կարծիքն ու տեսակետը ունենալով, խոսքի ազատության իր իրավունքն իրացնելով հանդերձ, մասնագիտական աշխատանքում պետք է դրսևորի առավելագույն բծախնդրություն, քանի որ իր խոսքով և գրչով առաջին հերթին փորձում է ազդել հանրության վրա՝ ձևավորելով հանրային կարծիք, որտեղ ազնվությունը պետք է լինի առաջնային և չքննարկվող արժեք։

Ցավոք, պրակտիկան ցույց է տալիս, որ շատ հաճախ արտադատական կարգով հերքում պահանջելն անարդյունավետ է, իսկ զրպարտության դեմ պայքարում դատական պաշտպանության միջոցը՝ ամենաարդյունավետը»,-նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը մարտի 31-ին հայցադիմում է ներկայացրել «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ: Լրագրողից և լրատվամիջոցից պահանջում է ներողություն խնդրել, հերքել պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները և վճարել դրամական փոխհատուցում 9 մլն դրամի չափով, որից 3 մլն-ը՝ վիրավորանքի, իսկ 6 մլն-ը՝ զրպարտության համար: Գործը մակագրվել է դատավոր Էդուարդ Ամալյանին:

Տիգրան Ավինյանի միջնորդությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը համապարտության կարգով 9 մլն դրամի չափով արգելանք է դրել «168 ժամ» լրատվամիջոցի և լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել