Արցախի Հանրապետության շրջափակումը․ օր 141-րդ

Արցախը 141 օր է շրջափակման մեջ է։

Մայիսի 1-ին Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը և խոչընդոտներ ու վտանգներ է հարուցում Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի նկատմամբ․ «Ադրբեջանական անցակետի գոյությունն ու Շուշիի հատվածում փակ ճանապարհն ինքնին ամենամեծ խոչընդոտներն ու վտանգներն են, որոնք խախտում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շահարկվող դեպքին, ապա այդ անձինք երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներ են, որոնք անցակետի տեղադրման պատճառով մնացել էին Գորիսում ու ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադառնում էին իրենց բնակավայր, և իրենց համար էլ անակնկալ կերպով կանգնեցվել են ադրբեջանցի ծառայողների կողմից: Անընդունելի են ադրբեջանական կողմի բոլոր ջանքերը պահպանելու ապօրինի անցակետը և որևէ կերպ վերահսկելու և խոչընդոտելու Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների տեղաշարժը:

Ուստի, վերահաստատում ենք, որ Արցախ-Հայաստան երկկողմանի տեղաշարժը կազմակերպվում է բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից և ուղեկցությամբ՝ ապահովելու համար Արցախի քաղաքացիների նվազագույն անվտանգությունն այդ ճանապարհին: Տեղաշարժի կարիք ունեցող անձինք պետք է առ այսօր գործող ընթացակարգերով դիմեն համապատասխան պետական մարմիններ՝ նշված մեխանիզմներով խնդրին լուծում տալու նպատակով»:

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Ապրիլի 23-ից Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների բնակիչների հումանիտար վիճակն օր-օրի վատթարացել է, փորձ է արվել Կարմիր խաչի արցախյան գրասենյակի միջոցով այդ համայնքներին սնունդ և դեղորայք մատակարարել, սակայն այդ ջանքերը արդյունք չեն տվել: Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկզբնական օրերին ծնողների մոտ են վերադարձվել Գորիս քաղաքում մնացած երեք անչափահաս երեխաները, իսկ մնացածների վերադարձն Ադրբեջանը արգելել էր:

Լիակատար ու երկկողմանի շրջափակման մեջ գտնվող գյուղերի բնակիչների հրատապ հումանիտար խնդիրները լուծելու համար մի խումբ բնակիչներ դիմել են տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներին, որոնց կողմից թույլատրվել է առանց զննության մասնավոր մեքենաներով անցնել Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետով` նախապես հավաստիացնելով, որ ադրբեջանցիների կողմից որևէ հսկողական միջամտություն չի լինելու: Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար:

Սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական ապօրինի անցակետը խոչընդոտում է Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժը՝ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Արցախի Հանրապետության ժողովուրդը սպասում է Լաչինի միջանցքի` Եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմի վերականգնմանը` 5 կմ լայնությամբ միջանցք բացառապես ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ»:

Մեկ այլ հայտարարությամբ Ներսիսյանը հայտնել է, որ մոտ 18։45-ին ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատարի հետ հանդիպումը․ «Հանդիպմանը արցախյան կողմից մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահը, պետական նախարարը, ներքին գործերի ու պաշտպանության նախարարները: Մեր կողմից վերահաստատվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը:

Իսկ մեր դիրքորոշումը հետևյալն է.

Իրավիճակի կարգավորումը պետք է հիմնված լինի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, իսկ այդ հայտարարության 6-րդ կետն ամրագրում է հետևյալը.

– Արցախը Հայաստանի հետ պետք է կապվի 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքով,
– Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո,
– Ադրբեջանը պետք է երաշխավորի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը մեզ լսելուց հետո հայտնեց, որ առաջիկա օրերին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական կողմի հետ և հարցին կկարողանա անդրադառնալ ու տեղեկություններ փոխանցել շաբաթվա վերջում:

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իշխանություններին` ձեռնարկեք բոլոր քայլերը, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, Եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Դիմում եմ միջազգային հանրությանը` ապահովեք ձեր իսկ կողմից վճռված` Արցախը Հայաստանին կապող միջանցքի ապաարգելափակման Ադրբեջանի պարտավորության կատարումը: Ձեր անգործության կամ պասիվության հետևանքը Արցախի բնակիչների ամենօրյա տառապանքներն են:

Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը` դեմքով շրջվեք դեպի Արցախը, տեսեք այն մարդկանց, ովքեր տառապանքների գնով պահում են հայկական Արցախը»:

Բացի այդ, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 1-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:

Նիստում քննարկվել են Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմանը, Ադրբեջանի կողմից ԱՀ քաղաքացիների ազատ երթևեկությանը խոչընդոտող անօրեն գործողություններին, դրանց հետագա կանխմանը և առնչվող այլ հարցեր:

Ներկայացվել է օպերատիվ վիճակը միջանցքի տարածքում, ընդգծվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խստիվ պահպանման անհրաժեշտությունը:

Նախագահ Հարությունյանը համապատասխան կառույցների ղեկավարներին որոշ հանձնարարականներ է տվել, այդ թվում՝ ՌԴ խաղաղապահների հետ համագործակցությամբ հնարավորինս ապահովելու Շուշիի շրջանի՝ կրկնակի շրջափակման մեջ հայտնված չորս գյուղերի անվտանգությունն ու կենսագործունեության համար անհրաժեշտ ապրանքների մատակարարումը:

Փետրվարի 22-ին Միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․

«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։

Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելացել են, դա են փաստում ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները։

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։

Արդեն 136 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։

Ադրբեջանական կողմի ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:

Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել