«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը պարզաբանում է տարածել մարտի 3-ին Ավան վարչական շրջանում իրականացված աշխատանքների վերաբերյալ:
«Հարգելի քաղաքացինե´ր, տեղեկացնում ենք, որ ամիսներ առաջ մեր կենտրոնից որդեգրված կենդանիների մի մասը կրկին հայտնվել է «Ընտանեկան այգու» և նրա հարակից տարածքում` խախտելով որդեգրման կարգը և պայմանները:
Նմանատիպ անպատասխանատու վերաբերմունքի պատճառով այգու և նրան հարակից տարածքում թափառող շների քանակն ավելացել է, ինչի արդյունքում մեծաքանակ թափառող շների կողմից հարձակման և կծման են արձանագրվել դեպքեր:
Ելնելով վերոգրյալ իրավիճակից` կենդանիների մի մասը տեղափոխվել է մեր կենտրոն, և այլևս տարածք չի վերադարձվի:
Եվս մեկ անգամ հորդորում և պահանջում ենք`շներին որդեգրելիս լինել պատասխանատու և նրանց պահել համաձայն համապատասխան կարգի:
Այն քաղաքացիները, որոնք չեն պահպանի որդեգրման կանոնները, կզրկվեն Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնից կենդանի որդեգրելու իրավունքից:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը մեկնաբանել է․ «Գրում եմ անձամբ աչքով տեսածս. տվյալ նկարի կինն իր փոքրիկ երեխային մանկապարտեզ էր տանում: Մի բարի կին էլ կողքը կերակրում էր մոտ տասը մեծ շան: Էս շներից մեկը թողեց ուտելիքը և ագրեսիվ վազեց կնոջ ուղղությամբ: Կինը վախից ճչաց, շները, որոնք միացել էին իրենց ագրեսիվ ընկերոջը, հարձակվեցին կնոջ վրա, մեկը կծեց ոտքի այն հատվածը, որը, դժբախտաբար, շալվարի ահավոր մեծ պատռվածքի պատճառով չի նկարվել: Իսկ ծնկի պատռվածքը շների հարձակումից հետո քարի վրա սայթաքելուց է»։