Դատապարտյալները հնարավորություն կունենան նաև սառնարան, հեռուստացույց, անկողնային պարագաներ, 20 լիտր շշալցված ջուր ստանալ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվող կարգավորմամբ դատապարտյալներին (մեղադրյալներներին) հնարավորություն կտրվի հանձնուքի կամ ծանրոցի համար սահմանված շաբաթական քաշից զատ ստանալ նաև մինչև 20 լիտր գործարանային շշալցման խմելու ջուր, կենցաղային առարկաներ, այդ թվում՝ սառնարան, հեռուստացույց, ինչպես նաև անկողնային պարագաներ։

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ 2022թ․ հունիսի 15-ի ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 52-րդ հոդվածի 6-րդ մասի և 81-րդ հոդվածի 1-ին մասի ներկայիս իրավակարգավորման համաձայն դատապարտյալը կարող է շաբաթվա ընթացքում ստանալ մինչև 20 կիլոգրամ հանձնուք և ծանրոց, որն իր մեջ ներառում է նաև հեղուկ: Համանուն կարգավորումներ է նախատեսում նաև ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը:

Նշված իրավակարգավորումն ուժի մեջ են մտել 2023 թվականի հունվարի 1-ից, որից հետո շատ դատապարտյալներ (մեղադրյալներ) հարց են բարձրացրել խմելու ջուրը հանձնուքով ստանալու հնարավորության վերաբերյալ։ Մասնավորապես շատերը հայտնել են, որ նախընտրում են խմելու համար ծորակի ջրի փոխարեն օգտագործել գործարանային շշալցմամբ խմելու ջուր՝ այդ թվում պայմանավորված առողջական վիճակով։

Ստեղծված իրավիճակում, ելնելով այն հանգամանքից, որ խմելու ջրի քանակը հանձնուքի քաշի մեջ հաշվարկելով, կստեղծվի այնպիսի իրադրություն, երբ ըստ էության ողջ հանձնուքը կլրացվի խմելու ջրով, որպիսի պայմաններում դատապարտյալների նշված իրավունքների իրացումը կկրի ձևական բնույթ՝ նպատակահարմար է հանձնուքի շաբաթական սահմանված քաշից զատ նախատեսել նաև խմելու ջուր ստանալու առանձին հնարավորություն։

Բացի այդ, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված է, որ դատապարտյալները կարող են իրենց մոտ ունենալ թույլատրելի կենցաղային առարկաներ, այդ թվում՝ սառնարան, հեռուստացույց, ինչպես նաև անկողնային պարագաներ։ Նշված առարկաներն իրենց քաշով կարող են գերազանցել շաբաթական սահմանված հանձնուքի առավելագույն քաշը և կստացվի, որ նման առարկաներ դատապարտյալները չեն կարող որպես հանձնուք ստանալ։ Տվյալ դեպքում կառաջանա հակասական իրավիճակ՝ մի դեպքում օրենսդրությամբ նշված կենացաղային առարկաները թույլատրվում է ունենալ, իսկ մյուս դեպքում՝ բացակայում է այդ առարկաները ստանալու հնարավորությունը, ուստի առաջարկվող փոփոխությամբ նշված իրավական ակտերում կմտցվի հստակություն նման իրավիճակների համար։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բավարար պայմաններ ստեղծել դատապարտյալների հանձնուքներ ստանալու իրավունքների իրացման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել