Մահացել է դերասան Վախթանգ Կիկաբիձեն

Վրաստանում 84 տարեկան հասակում մահացել է դերասան Վախթանգ Կիկաբիձեն, հայտնում է վրացական Mtavari.tv-ն։

Նշենք, որ 2021-ի հոկտեմբերին կյանքից հեռացել էր Կիկաբիձեի կինը, Իրինա Կեբաձեն։

Վերջին տարիներին Կիկաբիձեն ծանր հիվանդ էր, լրատվամիջոցը մահվան պատճառը չի հստակեցրել։

Վախթանգ Կոնստանտինովիչ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ Մանուկ հասակում ապրել է Վերե շրջանում՝ Փարաջանովի հարևանությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո 1955-1957 թվականներին սովորել է Թբիլիսիի համալսարանում։

1969 թվականին առաջին անգամ նկարահանվել է Գեորգի Դանելիայի «Մի՛ վշտանա» ֆիլմում, որի համար 1970 թվականին Կարտախենայի միջազգային կինոփառատոնին արժանացել է մրցանակի տղամարդու լավագույն դերի համար։ Հաջորդ նշանակալի ֆիլմը 1973 թվականին ռեժիսոր Գեորգի Շենգելայայի «Վերիյսկի թաղամասի մեղեդին» էր։ 1977 թվականին էկրան բարձրացավ Դանելիայի «Միմինո» ֆիլմը, որը 1978 թվականին արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։

70-ամյա հոբելյանի առթիվ Կիկաբիձեն Վրաստանի կողմից արժանացել է Սուրբ Գեորգիի անվան հաղթանակի շքանշանի, Ռուսաստանից՝ Բարեկամության շքանշանի, սակայն վերջինիցս հրաժարվել է 2008 թվականի Հարավային Օսիայի օգոստոսյան դեպքերից հետո։

Մի շարք հայտնի երգերի կատարող է, այդ թվում՝ «Չիտո գրիտո», «Իմ տարիները իմ հարստությունն են» և այլն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել