Մենք դեռ երկար, հետաքրքիր ճանապարհ ունենք անցնելու միասին․ Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի ընկերներ,

Բոլորին հայտնի է, որ 2022 թվականի հոկտեմբերի 17-ին իմ նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որի արդյունքում երկու ամիս գտնվել եմ անազատության մեջ։ Մինչ կալանավորվելն ունեցել եմ առիթ հայտնելու, որ ինձ ներկայացված մեղադրանքը կաշառքի հետ որևէ առնչություն չունի, իսկ կոնկրետ ինձ վերագրվող ենթադրյալ արարքն ամբողջությամբ անհիմն է։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ փաստաբանական խմբին՝ Զորայր Հարությունյանին, Գայանե Պապոյանին, Միքայել Շխիմյանին, Աննա Մանթաշյանին, Արթուր Ղամբարյանին, Ալեքսանդր Կոչուբաևին, իրենց փայլուն և համակարգված աշխատանքի համար, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին, ինչպես նաև շնորհակալ եմ իմ բոլոր հարազատներից և ընկերներից, փաստաբան գործընկերներից/ընկերներից՝ հատկապես Ժիրայր Ղարագյոզյանից, Երեմ Սարգսյանից, Արամ Վարդևանյանից, այս ողջ ժամանակահատվածում ինձ աջակցելու և իմ ու ընտանիքիս կողքին լինելու համար։ Մենք դեռ երկար, հետաքրքիր ճանապարհ ունենք անցնելու միասին և վստահ եմ, որ այս ամենից մենք դուրս ենք գալու ինչպես միշտ հաղթանակած»։

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 17-ին տեղեկացրել էր, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

ԲԴԽ-ն նույն օրը, նշված օրենսգրքով նախատեսված ընթացակարգով, հրավիրել էր նիստ և դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունը բավարարելու որոշում էր կայացրել:

Մեղադրանք էր առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին. Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այն փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ («Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի երրորդ պարբերության հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին ձերբակալելու մասին տեղեկացրել էր Փաստաբանների պալատի նախագահին):

Հոկտեմբերի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները։

Էրիկ Ալեքսանյանի պաշտպանը հայտնել է, որ նա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել