Հովանավորությունը հեռուստառադիոհեռարձակման գործունեություն չիրականացնող կամ տեսաձայնային աշխատանքների ստեղծման գործում չներգրավված ֆիզիկական կամ իրավաբանական անձի մասնակցությունն է հեռուստառադիոհաղորդման ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորմանը` այդ անձի անունը, ապրանքանիշը, համբավը կամ գործունեությունը գովազդելու նպատակով:
Հեռուստառադիոհաղորդումների հովանավորության նկատմամբ կիրառվում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում գովազդը կարգավորող դրույթները:
Հովանավորված ծրագրերի բովանդակությունը և ուղղվածությունը չպետք է կրեն հովանավորի միջամտությունը և այլ բնույթի ազդեցություն, եթե դա միջամտություն է հովանավորվողի պարտավորություններին և անկախությանը:
Արգելվում է հովանավորությունը`
1) քաղաքական կուսակցությունների, նախընտրական հիմնադրամների և կրոնական կազմակերպությունների կողմից կամ դրանց միջոցներից.
2) լրատվական թողարկումների, պաշտոնական հաղորդագրությունների և քաղաքական հաղորդումների համար.
3) դեղատոմսով տրամադրվող դեղերի անունների հիշատակումով, արտադրությամբ և վաճառքով, ինչպես նաև օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից:
Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հովանավորության դեպքում կիրառվում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումները:
Հովանավորությամբ ստեղծված հեռուստառադիոհաղորդումներում կարող են նշվել տեղեկություններ հովանավորի մասին, ներկայացվել խորհրդանիշեր, մակագրություններ, կարճ հայտարարություններ միայն հաղորդման սկզբում և վերջում, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուրը մեկ րոպե տևողությամբ: