Այս տարվա մայիսից սկսած 475 ուսուցիչ , ովքեր անցել են կամավոր ատեստավորում, ստանում են հավելավճարներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
Նրա խոսքով` այս պահին արդեն ընթանում է կարգի երկրորդ փուլը և հոկտեմբեր ամսից նոր դիմորդները կստանան հավելավճարները:
«Այս պահին հնարավորություն կա մասնակցելու կամավոր ատեստավորմանը 5-12-րդ դասարանների բոլոր ուսուցիչների համար, իսկ գալիք տարվանից արդեն բոլոր ուսուցիչները հնարավորություն կունենան մասնակցելու»,-ասաց նա:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց, որ ներկայումս ընթանում է կամավոր ատեստավորման երկրորդ փուլը:
«Ուսուցիչները ատեստավորման են եկել նույնիսկ Սյունիքի , Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում: Վերջին գործընթացները տեղի կունենան այս շաբաթ և կիրակի օրերին: Մեզ այս փուլի համար 4000 ուսուցիչ էր դիմել: Այս պահին արդեն ավելի քան 1500 ուսուցիչ մասնակցել է գործընթացին և հոկտեմբերի 1-2-ի փուլերից հետո մենք կունենանք վերջնական տվյալները»,-ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ ուսուցիչների վարձատրության նվազագույն ավելացումն ատեստավորման դեպքում 200 հազար դրամ է գումարած 30 տոկոս` մեկ դրույքի դեպքում: