Մեր ԶՈՒ-երը շրջափակել են հակառակորդի մխրճված ջոկատները, իրադրությունը մեր հսկողության տակ է․ Էդվարդ Ասրյան

«Հակառակորդի ստորաբաժանումներից միայն մեկ խումբ հասել է Ջերմուկի մատույցների մոտ, գտնվում է բլրի գագաթի վրա։ Կենսունակության տեսակետից, եթե նրանց սնունդով, ջրով սնուցում չլինի, նրանց ռեսուրսները կսպառվեն։ Նրանք ստիպված կլինեն այդ տեղից դուրս գալ»,-Ջերմուկում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

Նա նշեց, որ այդ խումբը շրջափակման մեջ է մեր ստորաբաժանումների կողմից։ Ասրյանը մարտավարական իրադրությունը կայուն գնահատեց։

«Այսօրվա դիտարկման արդյունքներով հյուսիսային հատվածում հակառակորդի 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել դեպի ՀՀ պետական սահման։ Դա տեսախցիկներով դիտարկված փաստ է։ Վախենալու, հուսահատվելու ոչ մի առիթ չկա։ Մեր ԶՈՒ-երը շրջափակել են հակառակորդի մխրճված ջոկատները, իրադրությունը մեր հսկողության տակ է»,-հայտնեց Ասրյանը։

ԳՇ պետի խոսքով՝ հայկական ստորաբաժանումները իրենց տեղում են, «ադրբեջանական ստորաբաժանումները մխրճման գագաթից մեր ուղղությամբ ոչ մի քայլ չեն կարող անել»։

«Մեր ուժերը բավարար են, այս ուղղությամբ մենք հակառակորդին համապատասխան կորուստներ հասցնելով հետ կշպրտենք, եթե փորձեն նորից հարձակողական գործողություններ սկսել»,-ասաց Ասրյանը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել