Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում երեք անգամ կիրառել են «Կինժալ» հիպերձայնային հրթիռը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Մենք «Կինժալ»-ը երեք անգամ օգտագործել ենք հատուկ ռազմական գործողության ժամանակ: Եվ այն երեք անգամ ցույց է տվել իր փայլուն հատկանիշները։ Բնութագիր, որը չունի աշխարհում ոչ մի նմանատիպ հրթիռ», – կիրակի օրը ասել է Շոյգուն «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։
«Կինժալ» հիպերձայնային հրթիռի արագությունը ավելի քան 10 մախ է եւ թռիչքի ընթացքում այն փոխում է հետագիծը ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական հարթություններում։
«Ընդհանուր առմամբ, այն գործնականում անհնար է որսալ, եւ մենք այն օգտագործում ենք հատկապես կարեւոր թիրախներին հարվածներ հասցնելու համար», – ասել է Շոյգուն:
Պաշտոնապես հաղորդվել է, որ «Կինժալ»-ը ավիացիոն համալիր է՝ գերճշգրիտ հիպերձայնային աէրոբալիստիկ հրթիռով, որը ստեղծվել է արդիականացված ՄիԳ-31 հեռահար կործանիչի հիման վրա։ Ըստ ռուս զինվորականների՝ այն ի վիճակի է խոցել ավելի քան 2000 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները՝ հաղթահարելով բոլոր հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերը։
Օգոստոսի 18-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ երեք ՄիԳ-31 ինքնաթիռներ՝ «Կինժալ» հիպերձայնային հրթիռներով, տեղափոխվել են Կալինինգրադի մարզ՝ լրացուցիչ ռազմավարական զսպման միջոցառումների շրջանակներում։ Ինքնաթիռները շուրջօրյա մարտական հերթապահություն են իրականացնելու Չկալովսկի օդանավակայանում: