Ինչպես Iravaban.net–ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, Հակակոռուպցիոն դատարանում վարույթ է ընդունվել քրեական գործ՝ կապված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի և մի շարք այլ անձանց կողմից կաշառք պահանջելու, ստանալու և տալու հետ:
Գործի ժամանակագրությունը և մանրամասները.
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2024 թվականի հունիսի 24-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Արարատ Շին» ՍՊ ընկերության սեփականատեր Գեորգի Թովմասյանը և ընկերության տնօրեն Նորիկ Գասպարյանը Աշոտ Բաղդասարյանի միջնորդությամբ կապ են հաստատել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Ղափլանյանի հետ:
Հետագայում, Գևորգ Ղափլանյանը, Փիլոս Ղազանչյանի և Գրիգոր Մալխասյանի օժանդակությամբ, պահանջել և ստացել է 22.000.000 ՀՀ դրամ կաշառք՝ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի 2/15 հասցեում կառուցված շինության շեղումները անտեսելու և շահագործման թույլտվության ավարտական ակտ տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար:
2025 թվականի սեպտեմբերի 11-ին գործը մուտքագրվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել է դատավոր Վահե Արսենի Դոլմազյանին: Իսկ սեպտեմբերի 15-ին դատարանը որոշում է կայացրել քրեական գործի վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին:
Մեղադրանքի էությունը և ներգրավված անձինք.
Ըստ դատական գործի նյութերի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝
- Գևորգ Ղափլանյանին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ, ով պահանջել և ստացել է կաշառքը,
- Փիլոս Ղազանչյանին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին աշխատակից, ով օժանդակել է կաշառքի գործարքին,
- Գրիգոր Մալխասյանին՝«Նեֆրիտ Մայնինգ» ՍՊ ընկերության տնօրեն, ով օժանդակել է կաշառքի գործարքին,
- Գեորգի Թովմասյանին՝Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի 2/15 հասցեում կառուցված շինության սեփականատեր, «Արարատ Շին» ՍՊ ընկերության հիմնադիր-համասեփականատեր, կաշառք տվող,
- Նորիկ Գասպարյանին՝«Արարատ Շին» ՍՊ ընկերության տնօրեն, կաշառք տվող,
- Աշոտ Բաղդասարյանին՝ «Վեստ+» ՍՊ ընկերության գործադիր տնօրեն, միջնորդ կաշառք տալու գործընթացում։
Մեղադրանքի հոդվածները.
Ըստ դատական գործի նյութերի՝
- Գևորգ Ղափլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը),
- Գեորգի Թովմասյանին և Նորիկ Գասպարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (կաշառք տալը),
- Փիլոս Ղազանչյանին և Գրիգոր Մալխասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառք ստանալուն օժանդակելը և կեղծ փաստաթղթեր օգտագործելը),
- Աշոտ Բաղդասարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալուն օժանդակելը)։
Խափանման միջոցները.
Ըստ դատական գործի նյութերի մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ.
- Գևորգ Ղափլանյանի, Փիլոս Ղազանչյանի և Գրիգոր Մալխասյանի նկատմամբ՝ կալանավորումը,
- Գեորգի Թովմասյանի և Նորիկ Գասպարյանի նկատմամբ՝ գրավը՝ 5.000.000 ՀՀ դրամի չափով,
- Աշոտ Բաղդասարյանի նկատմամբ՝ գրավը 10.000.000 ՀՀ դրամի չափով և վարչական հսկողությունը։
Գործի ընթացքը.
Նախնական դատալսումը նշանակված է 2025 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հակակոռուպցիոն դատարանի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: