ԻնչպեսIravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից դատական հայց է ներկայացվել օտարերկրյա քաղաքացուն ՀՀ տարածքից արտաքսելու պահանջով:
Հայցի էությունը.
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության անունից հայցադիմում է ներկայացվել դատարան՝ Հայաստանի Հանրապետությունում առանց օրինական հիմքերի բնակվող Հնդկաստանի քաղաքացի Ջագջիտ Սինղին դատական կարգով Հայաստանի Հանրապետությունից արտաքսելու պահանջի մասին:
Դատական գործի ընթացքը.
Հայցադիմումը ներկայացվել է ՀՀ վարչական դատարան 2025 թվականի ապրիլի 23-ին և մակագրվել դատավոր Վարազդատ Մերուժանի Միքաելյանին: Սակայն մայիսի 2-ին կայացված որոշմամբ դատարանը հայցադիմումը վերադարձրել է, քանի որ այն ստորագրված չի եղել:
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 5-րդ մասի, հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել օրենսգրքով սահմանված՝ հայցադիմումին առաջադրվող պահանջները:
Հունիսի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներկայացրել է նոր հայցադիմում, որը նույն օրը կրկին մակագրվել է դատավոր Վարազդատ Միքաելյանին: Հունիսի 17-ին դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նշանակելու մասին:
Հունիսի 17-ին դատարանը, իր նախաձեռնությամբ, որոշում է կայացրել դատավարության մեջ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը որպես երրորդ անձ ներգրավելու մասին՝ հիմնավորելով, որ կայացվող դատական ակտը կարող է առնչվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության լիազորություններին:
Սակայն հետագայում, ուսումնասիրելով գործի նյութերը, դատարանը եկել է այն եզրահանգման, որ բացակայել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը որպես երրորդ անձ ներգրավելու հիմքերը: Ուստի հուլիսի 29-ին դատարանը որոշում է կայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը դատավարության մասնակիցների կազմից հանելու մասին:
Ներկայիս կարգավիճակը.
Դատալեքս համակարգում առկա տեղեկությունների համաձայն, գործը գտնվում է դատաքննության փուլում: Դատական նիստը նշանակված է 2025 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 11:40-ին, ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում՝ թիվ 12 դատական նիստերի դահլիճում: