Վուչիչը ժամանել է Սերբիայի ԶՈւ գլխավոր շտաբի շենք

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժամանել է Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի շենք։ Այս մասին հայտնում է Pink հեռուստաալիքը։

Ըստ տեղեկության՝ երկրի ղեկավարը բանակի հրամանատարության հետ քննարկում է պոտենցիալ քայլերը՝ ի պատասխան Կոսովոյում և Մետոհիայում կոսովցիների սադրանքին։

Հիշեցնենք` Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հուլիսի 31-ին հայտարարել է, որ Կոսովոյի ոստիկանությունը կեսգիշերին ռազմական գործողություններ է սկսելու տարածաշրջանի հյուսիսում բնակվող սերբերի դեմ: Նա զգուշացրել է օգոստոսի 1-ից սերբական փաստաթղթերն անվավեր ճանաչելու Պրիշտինայի (Կոսովոյի Հանրապետությունը համարում է իր մայրաքաղաքը-խմբ․) ծրագրերի մասին։

Սերբերը որևէ կերպ ընդունելի չեն համարում Կոսովոյի այնպիսի կարգավիճակ, որով երկրամասը կստանա անկախություն, մինչդեռ ալբանացիները անկախությունից ցածր կարգավիճակը համարում են անընդունելի: Սերբերը Կոսովոն համարում են բնիկ սերբական հող, ալբանացիներին` եկվորներ, որոնք տարիների ընթացքում երկրամասում դարձել են մեծամասնություն: 1918 թվականին, երբ կազմավորվեց նախկին Հարավսլավիան (Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա, Չեռնոգորիա (Մոնտենեգրո), Մակեդոնիա, Բոսնիա-Հերցեգովինա), գերազանցապես ալբանացիներով բնակեցված Կոսովոն ինքնավար մարզի կարգավիճակով անցավ Սերբիայի կազմ:

Ներկայումս Կոսովոն ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից 97-ի կողմից ճանաչվում է որպես անկախ պետություն։ Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի անդամ 112 պետություններ ինչ-որ պահի ճանաչել են Կոսովոն, որոնցից 15-ը հետագայում չեղարկել է իրենց ճանաչումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել