Ուսումնական հաստատության աշխատողների աշխատաժամանակն ու մանկավարժական ստաժը սահմանված է «Հանրակրթության մասին» օրենքի 25-րդ հոդվածով։
Հոդվածում վերջին փոփոխությունները կատարվել են փետրվարի 9-ին՝ ավելացել է 5-րդ մասը։
1. Ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Ուսումնական հաստատության մանկավարժական և վարչական աշխատողների մանկավարժական աշխատանքային ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Պետական ուսումնական հաստատության ուսուցչի մեկ դրույքի լրիվ ուսումնական ծանրաբեռնվածությունը (դասավանդման ծավալը) չի կարող գերազանցել շաբաթական քսաներկու դասաժամը:
4. Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:
Կես դրույքով պաշտոնավարող և համապատասխան որակավորում ունեցող պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև տասնչորս դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվում առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքով, կամ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ: Վարչական աշխատողը չի կարող դասավանդել այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում։
Ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունների վերաբերյալ Iravaban.net-ի իրազեկումը կարող եք կարդալ այստեղ։