Աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները՝ ուսումնական հաստատությունների աշխատողների համար

Ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանված են Կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշմամբ։

Iravaban.net-ը փոխանցում է, որ․

1. Ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատաժամանակի և հանգստի ռեժիմը որոշվում է մինչև ուսումնական տարվա սկիզբը` ուսումնական հաստատության ղեկավարի (կառավարման կոլեգիալ մարմնի) կողմից` հաշվի առնելով ուսումնական հաստատությունների գործունեության առանձնահատկությունները:

2. Իրենց պարտականություններն աշխատանքային օրվա ընթացքում անընդմեջ իրականացնող դասախոսներին, մանկավարժներին և դաստիարակներին (այսուհետ` դասավանդող) սնվելու համար ընդմիջում տրամադրվում է սովորողների, սաների հետ միաժամանակ:

3. Դասավանդողների ուսումնական պարապմունքների տևողությունը, ինչպես նաև դրանց միջև ընդմիջումները (դասամիջոցները) նախատեսվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կանոնակարգով:

4. Ուսումնական աշխատանքի, ինչպես նաև ուսումնական պարապմունքների դասացուցակով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով աշխատաժամանակի մեջ ներառվում են`

  • 1) կրթական, մեթոդական խորհուրդների, կրթական ծրագրով նախատեսված ծնողական ժողովների, խորհրդատվությունների, առողջարանական, դաստիարակչական և այլ միջոցառումների անցկացման աշխատանքները.
  • 2) այն ժամանակը, որը ծախսվում է անմիջականորեն սովորողներին, սաներին ուսուցանելու և դաստիարակելու, նրանց անհատական ընդունակությունների, հետաքրքրությունների ու հակումների, ինչպես նաև նրանց ընտանեկան և կենցաղային պայմաններն ուսումնասիրելու նպատակով նախապատրաստական աշխատանքների համար.
  • 3) դասավանդողի կողմից գրավոր աշխատանքների ստուգումը, դասղեկությունը, ուսումնական կաբինետների ղեկավարումը, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, ուսումնամեթոդական, կազմակերպամեթոդական, դաստիարակչական աշխատանքները.
  • 4) դասավանդողի կողմից մասնագիտական որակավորման բարձրացման, վերապատրաստման, վերաորակավորման, ինքնաուսուցման և այլ պարապմունքներին նախապատրաստվելը.
  • 5) ուսումնական պարապմունքների միջև ընկած ընդմիջումները (դասամիջոցներ).
  • 6) դասավանդողի կողմից առողջարարական ճամբարներում, արշավներում, արշավախմբերում, էքսկուրսիաներում կատարած աշխատանքները:

5. Սովորողների, սաների` հատուկ ուսումնական հաստատություններում շուրջօրյա մնալու դեպքում, երբ դաստիարակչական և ուսումնական գործունեություններն օրվա ընթացքում հաջորդում են միմյանց, ուսումնական հաստատության ղեկավարը կարող է դպրոցական տարիքի սաների խմբերում դասավանդման աշխատանք կատարող դաստիարակների համար նախատեսել աշխատանքային օրվա ռեժիմ` երկու ժամ անընդմեջ ընդմիջմամբ: Ընդմիջման ժամանակն աշխատաժամանակում չի ներառվում:

6. Ուսումնական հաստատությունների դասավանդողների, որոնց ուսումնական ծանրաբեռնվածությունը նվազել է կամ ավելացել տարվա սկզբում որոշված ուսումնական ծանրաբեռնվածությունից, աշխատաժամանակի և հանգստի ռեժիմը մինչև ուսումնական տարվա ավարտը որոշվում է դասաժամերի քանակով` հաշվի առնելով այն ժամանակը, որն անհրաժեշտ է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված աշխատանքների կատարման համար:

7. Ուսումնական հաստատությունների սովորողների արձակուրդների ժամանակահատվածները, որոնք դասավանդողի ամենամյա վճարովի հիմնական և լրացուցիչ արձակուրդների հետ չեն համընկնում, համարվում են աշխատաժամանակ:

8. Սովորողների արձակուրդի ընթացքում դասավանդողներն իրականացնում են կրթական ծրագրի կիրառման հետ կապված ուսումնական, մեթոդական, ինչպես նաև կազմակերպական աշխատանքներ` իրենց աշխատաժամանակի նորմավորված մասի սահմաններում:

9. Ուսումնական հաստատությունների դասավանդողները, որոնց համար սահմանված է ուսումնական ծանրաբեռնվածության տարեկան ծավալ, սովորողների արձակուրդների ժամանակահատվածում, որոնք չեն համընկնում իրենց ամենամյա արձակուրդի հետ, ներգրավվում են ամբիոնների, ուսումնամեթոդական կամ առարկայական (ցիկլային) հանձնաժողովների աշխատանքներում, սեմինարներում, որակավորման բարձրացման, վերապատրաստման և այլ դասընթացներում, ինչպես նաև մշակութային միջոցառումների կազմակերպման և անցկացման միջոցառումներում, ամբիոնների կամ առարկայական (ցիկլային) հանձնաժողովների աշխատանքներում:

10. Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով սովորողների, սաների ուսումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածն ուսումնական հաստատությունների դասավանդողների և այլ աշխատողների համար համարվում է աշխատաժամանակ:

11. Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով ուսումնական հաստատության առանձին դասարանների (խմբերի) կամ ամբողջ ուսումնական հաստատության ուսումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակաընթացքում դասավանդողները սույն կարգի 7-9-րդ և 15-րդ կետերով նախատեսված պայմաններով ներգրավվում են ուսումնադաստիարակչական, մեթոդական, կազմակերպական աշխատանքներում:

12. Բարձրագույն, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև լրացուցիչ կրթություն իրականացնող հաստատությունների յուրաքանչյուր դասավանդողի համար դասավանդման ծավալը որոշվում է տվյալ ուսումնական հաստատության կողմից` կախված աշխատողի մասնագիտական որակավորումից, ամբիոնի մասնագիտացումից, և մեկ ուսումնական տարվա ընթացքում սահմանվում է 700-1080 ժամ: Հանրակրթական և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների դասավանդողների աշխատաժամանակի տևողությունը` կախված ուսումնական հաստատության տիպից, սահմանվում է շաբաթական 22-33 ժամ:

13. Ուսումնական հաստատությունների վարչական աշխատողները (տնօրեն, տնօրենի տեղակալ, ռեկտոր, պրոռեկտոր և այլն) կարող են դասավանդել շաբաթական մինչև 8 դասաժամ ներառյալ:

14. 36-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ուսումնական հաստատության հոգեբանների, ուսուցման մեթոդիկայի ու դաստիարակչական աշխատանքների մասնագետների աշխատաժամանակի ռեժիմը կարգավորվում է ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով` հաշվի առնելով`

  • 1) ուսումնական գործընթացի մասնակիցների անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքի կատարումը, որը չի կարող գերազանցել շաբաթական աշխատաժամանակի տևողության կեսը.
  • 2) մասնագետի անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքներին նախապատրաստվելու, ստացված արդյունքների մշակման, վերլուծության և ընդհանրացման, փաստաթղթերի լրացման, ինչպես նաև իր որակավորման բարձրացման ժամանակը:

15. Նախադպրոցական կրթական հաստատություններում (խմբերում) սաների 12 ժամ մնալու և 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, որտեղ սաների յուրաքանչյուր խմբի համար նախատեսված է երկու դաստիարակ, աշխատաժամանակի ռեժիմը որոշվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր դաստիարակի կողմից դասավանդման աշխատանքի կատարումը` յուրաքանչյուր շաբաթ 36 ժամվա հաշվարկով:

16. Ուսումնական հաստատությունների աշխատողների, այդ թվում` ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի, աշխատաժամանակի ռեժիմը սովորողների արձակուրդների ժամանակահատվածում կանոնակարգվում է ուսումնական հաստատության ներքին իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրերով և աշխատանքների կատարման ժամանակացույցով:

17. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող ուսումնական հաստատություններում և հատուկ կամ մասնագիտացված ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատանքի կատարման համար աշխատաժամանակի տևողությունը սահմանվում է`

  • 1) շաբաթական 22 ժամ` դասավանդող լոգոպեդների և դասավանդող դեֆեկտոլոգների, հատուկ մանկավարժական օգնություն ցուցաբերող դասավանդողների.
  • 2) շաբաթական 24 ժամ` արտադպրոցական դաստիարակության հիմնարկներում դասավանդողների.
  • 3) շաբաթական 30 ժամ` բուժական ֆիզկուլտուրայի գծով հրահանգիչների.
  • 4) շաբաթական 30 ժամ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների դաստիարակների.
  • 5) շաբաթական 30 ժամ` գիշերօթիկ դպրոցների, մանկատների, հանրակրթական հաստատությունների երկարօրյա խմբերի դաստիարակների.
  • 6) շաբաթական 36 ժամ` երկարատև բուժման ու խնամքի կարիք ունեցող երեխաների և ընդհանուր տիպի հաստատությունների դաստիարակների.
  • 7) շաբաթական 36 ժամ` նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների համար:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել