Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը երեքշաբթի կհանդիպեն այլ պետությունների ղեկավարների հետ՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի նոր հարձակման հետ։ Այս մասին տեղեկանում ենք Украинская правда-ից:
ԱՄՆ-ը երեքշաբթի օրը խորհրդակցություն է հրավիրում մի քանի պետությունների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռումինիայի ղեկավարների հետ, քաննարկելու՝ Ուկրաինայում ռուսական նոր հարձակումը:
Ներկա կլինեն նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
_______
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։