Ռուսների հետ բանակցային խմբի ղեկավար Դավիթ Արախամիան վստահեցնում է, որ Ուկրաինան չի փոխել իր դիրքորոշումը բանակցություններում։ Հայտնում են Украинская правда-ից։
Արախամիան ասել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են առցանց։
«Ուկրաինական կողմը հավատարիմ է Ստամբուլի կոմյունիկեին և չի փոխել իր դիրքորոշումը՝ չնայած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի հայտարարություններին»,-նշել է նա։
Նշվում է, որ ապրիլի 11-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ պատճառ չի տեսնում Ուկրաինայի հետ բանակցությունները չշարունակելու համար, թեև, իբր, Ուկրաինան հաճախ է փոխում իր դիրքորոշումը։
Լրատվականը գրել է, որ ապրիլի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները կրկին փակուղի են մտել։ Միաժամանակ Պուտինը հավելել է, որ իբր ապրիլի 11-ին իրեն ասել են, որ ուկրաինական կողմը ինչ-որ բան փոխել է բանակցությունների վերաբերյալ իր դիրքորոշման մեջ, սակայն մանրամասներ ինքը դեռ չգիտի։
————–
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։