«Մենք շարժվում ենք սխալ ուղղությամբ»․ մթնոլորտում մեթանի պարունակության ռեկորդային տարեկան աճ է նկատվում

Երկրորդ տարին անընդմեջ մթնոլորտում մեթանի պարունակության ռեկորդային տարեկան աճ է նկատվում։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) եզրակացությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ մենք շարժվում ենք սխալ ուղղությամբ:

Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության նախնական տվյալները ցույց են տվել, որ մեթանի տարեկան աճը 2021 թվականի ընթացքում կազմել է 17 ppb, ինչն ամենամեծ տարեկան աճն է` սկսած 1983 թվականից: 2020 թվականի ընթացքում աճը կազմել է 15.3 ppb.

2021 թվականի ընթացքում մթնոլորտում մեթանի մակարդակը միջին հաշվով կազմել է 1895.7 ppb, ինչը մոտ 162%-ով գերազանցում է նախաինդուստրիալ ժամանակահատվածի մակարդակը:

2021 թվականին մեթանի գլոբալ արտանետումները 15%-ով ավելի բարձր են, քան 1984-2006 թվականներին:

Մեթանը հզոր ջերմոցային գազ է, որն ածխաթթու գազից հետո մարդու գործունեության հետևանքով գլոբալ տաքացմանը նպաստող երկրորդ ամենամեծ գործոնն է: Մեթանը կարող է օգտագործվել որպես ջերմային էներգիայի աղբյուր: Նրա կյանքը մթնոլորտում ավելի կարճ է, քան ածխաթթու գազինը, և այն հաճախ դիտվում է որպես «ցածր կախված պտուղ» արտանետումների կրճատման և կլիմայական գործողությունների խթանման տեսանկյունից։

Լուսանկարում պատկերված է Հավայան կղզիների Մաունա Լոա աստղադիտարանը, գլոբալ մթնոլորտային հսկողության ցանցի բազային կայանը»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել