Նոտարական գործողություններ կատարելու իրավասությունը կվերապահվի հյուպատոսին․ նոր փոփոխություններ

Արտաքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նոտարիատի մասին» օրենքում։

Նշվում է, որ նախագծի ընդունման պարագայում կբարձրացվի փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կկրճատվեն հավելյալ ծախսերը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների մասով, համապարփակ կկարգավորվի հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման կարգը և կհստակեցվի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը:

«Օրենքով սահմանված է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անունից նոտարական գործողություններ կարող են կատարել դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարները, այնինչ ինչպես հյուպատոսական այլ գործառույթները, այդ թվում՝ նոտարական գործառույթները, ենթակա են կատարման հենց հյուպատոսի պարտականությունները կատարող անձի կողմից: Ավելին, զգալի ծանրաբեռնվածություն ունեցող դիվանագիտական ծառայության մարմիններում արդյունավետ է հյուպատոսի և փոխհյուպատոսի պարտականություններ կատարող դիվանագետների միաժամանակյա ներկայությունը, որի առնչությամբ էլ նախագծով առաջարկում ենք դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անունից նոտարական գործողություններ կատարելու իրավասությունը վերապահել ինչպես հյուպատոսի, այնպես էլ փոխհյուպատոսի պարտականություններ կատարող անձանց: Սույն առաջարկության իրավաչափությունը համապատասխանում է «Դիվանագիտական ծառայության մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքների, «Հյուպատոսական կապերի մասին» 1963թ. Վիեննայի կոնվենցիայի պահանջներին:

Միաժամանակ, Օրենքով սահմանված «դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ» բառերը «դիվանագիտական ծառայության մարմիններ» բառերով փոխարինելու առաջարկությունը բխում է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջից»,-նշվում է հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել