«Չափավոր օպտիմիզմ է արտահայտել Շառլ Միշելը։ Այս կապակացությամբ պետք է նշենք հետևյալը. ըստ էության, կողմերը որոշակի պատրաստակամություն են հայտնել շարժվել առաջ այդ ուղղությամբ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը` պատասխանելով երեկ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման ու դրա արդյունքների վերաբերյալ հայտարարությունների մասին հարցերին։
Ըստ Վարդանյանի՝ կարծես թե, կա ընդհանուր մոտեցում, ընդհանուր ցանկություն գնալ առաջ բանակցությունների շրջանակներում․ «Մեր բազում դիտարկումներում, հայտարարություններում, ըստ էության, ընդգծվել է Արցախի ժողովրդի իրավունքների հետ կապված հարցեր, որ սա հարց է, որը պետք է կարգավորվի ելնելով նրանից, որ մենք ունենք ժողովուրդ և այդ ժողովուրդն ունի որոշակի իրավունքներ և այդ իրավունքները պետք է իրագործվեն։
Տվյալ պարագայում խոսքը գնացել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, ըստ էության, կատարման, վստահության փոխմթնոլորտի ձևավորման մասին»։
Մեկ այլ դիտարկմանը, որ խոսք չկա՝ Ադրբեջանը մեր սովերեն տարածքում է, պետք է լքի այն, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Իմ կարծիքով, դիվանագիտության մեջ միշտ չէ տեքստում փորձել գտնել պատասխանները։ Փորձենք նաև տողերի արանքում գրվածը հաշվի առնել։ Երբ խոսվում է փոխվստահության մթնոլորտի ձևավորման, անվտանգության որոշակի մթնոլորտ ձևավորելու մասին, սա նաև ենթադրում է որոշակի միջոցառումների ձեռնարկում, որոնք հետագայում հնարավորություն կտան խուսափելու որևէ տեսակի միջադեպերից»։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։
Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։