Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ կեսօրին, Կիևի հետ սպասվող բանակցությունների կապակցությամբ, կարգադրել է դադարեցնել զորքերի առաջխաղացումը Ուկրաինայում, սակայն, քանի որ հակառակ կողմը երկխոսությունից հրաժարվեց առաջխաղացումը վերսկսվել է այսօր կեսօրին։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Առաջխաղացումը սկսվել է գործողության պլանի համաձայն»,-նշել է Պեսկովը։
Պեսկովը պարզաբանել է, որ հիմնական ուժերի առաջխաղացման կասեցման ժամանակ մի շարք վայրերում շարունակվել են ռազմական գործողությունները։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։