Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել են մաքսային գործընթացներն ամբողջությամբ թվայնացմանը միտված բարեփոխումները: Մասնավորապես՝ կատարելագործվում է մաքսային հայտարարագրերի ներկայացման և ներքին աշխատանքների կազմակերպման էլեկտրոնային համակարգը, որի գործարկումը նախատեսվում է 2022 թ. երկրորդ կեսին:
Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մաքսային գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու նպատակով ՊԵԿ–ը համագործակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Արդեն իսկ հայտարարվել է միջազգային մրցույթ վերոնշյալ էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով, որը տեղադրված է ՎԶԵԲ-ի պաշտոնական կայքում հետևյալ հղումով:
Փոփոխությունների արդյունքում մաքսային հայտարարագրերը կընդունվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս համատեքստում բացառվելու է հայտարարագրերի ներկայացման և վերլուծության ընթացքում մաքսային մարմին-տնտեսվարող կապը: Էլեկտրոնային հայտարարագրերի հետ կապված հետագա բոլոր ճշտումները և հետադարձ կապը ևս կիրականացվեն առցանց եղանակով, կվերացվի մաքսատուն այցելելու անհրաժեշտությունը: