Պոլիտեխնիկում ներկայացվեց «Մարդիկ և մեքենաները․ Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գիրքը

Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 1301 դահլիճում տեղի ունեցավ «Մարդիկ և մեքենաները. Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գրքի ներկայացումը։

Այս մասին հայտնում են ՀԱՊՏՀ-ից։

Հանդիպմանը ներկա էին DataArt ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Բաղդասարյանը, DataArt Armenia-ի փոխտնօրեն, մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Իշխան Մարգարյանը, գրքի հեղինակներ Ալեքսեյ Պոմիգալովը, Ալեքսանդր Անդրեևը և Իլյա Կորոբովը, ուսանողներ, աշակերտներ, հյուրեր։

DataArt ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Բաղդասարյանը համառոտ ներկայացրեց DataArt ընկերությունը, նշելով, որ «DataArt»-ը ստեղծում, մշակում և զարգացնում է յուրահատուկ ծրագրային լուծումներ, որոնք հաճախորդներին օգնում են տարբեր ոլորտներում զարգացնելու իրենց բիզնեսը։

Գրքի հեղինակները պոլիտեխնիկցիներին ներկայացրեցին յուրօրինակ հրատարակություն՝ «Մարդիկ և մեքենաները. Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գիրքը։

Գրքում պատմվում է այն մասին, թե ինչպես Խորհրդային Հայաստանի ղեկավարները կարողացան Մոսկվային համոզել, որ Հայաստանը պետք է տեխնոլոգիական կենտրոն դարձնել։ ԽՍՀՄ ղեկավարությունը 1940–ականների վերջին որոշեց կազմակերպել հայերի զանգվածային հայրենադարձություն։
Պատերազմից հետո մասնագետների մեծ կարիք կար, և որոշեցին այդ խնդիրը լուծել նաև Ցեղասպանությունից փրկված ու տարբեր երկրներում հաստատված հայերի օգնությամբ։ Հայրենադարձությունը փոխեց ՀԽՍՀ ամբողջ մշակույթը՝ կենցաղից մինչև նեղ մասնագիտություններ։ Խորհրդային Հայաստանի ղեկավարները Մոսկվային համոզեցին, որ Հայաստանում հնարավոր է ու պետք է զարգացնել տեխնոլոգիաներ, շեշտը դնել էլեկտրոնային սարքերի արտադրության վրա։ Այս քաղաքականությունը հանգեցրեց գիտահետազոտական այնպիսի կենտրոնների ստեղծմանը, որոնք շատ արագ վերածվեցին ԽՍՀՄ ու նույնիսկ աշխարհի մակարդակով առաջատար ինստիտուտների։ Գիրքը պատմում է, թե ինչպես փոքր Հայաստանում զարգացան գերժամանակակից ինստիտուտներ, ու ինչպես մշակույթի փոփոխությունը երաշխավորեց գիտության աննախադեպ զարգացմանը։

Ու հենց այսպես՝ մշակութային վերափոխումների պայմաններում սկսվեց Հայաստանի 2-րդ հանրապետության ֆիզիկամաթեմատիկական ու ինժեներական վերածնունդը։

Պոլիտեխնիկում ներկայացվեց գիրք, որը տալիս է գլխավոր հարցի պատասխանը. ինչու է ՏՏ ոլորտը այսօր հաջողությամբ զարգանում Հայաստանում։

Գրքի ներկայացումից հետո տեղի ունեցավ ինտերակտիվ շփում ուսանողների և հյուրերի միջև։ Պոլիտեխնիկի ուսանողները հնչեցրեցին բազմաթիվ հետաքրքիր հարցեր ընկերության հաջողության գրավականի, թիմի մասնիկ դառնալու, գրքի ստեղծման ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր ու զավեշտալի դեպքերի, պատերազմներում կիրառվող տեխնոլոգիաների, մարդկանց և մեքենաների հավասարության, դրա հետ կապված ռիսկերի, գրքի շարունակություն ակնկալելու մասին և այլն։ Բոլոր հարցերի շուրջ ծավալվեցին հետաքրքիր քննարկումներ։ Լավագույն երեք հարցը հնչեցնող ուսանողները ստացան նվերներ՝ գրքի մեկական օրինակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել