Կառավարության որոշմամբ՝ «Դուստր Մարիաննա» ընկերության նկատմամբ արտոնություն կկիրառվի

Կառավարության փետրվարի 10-ի նիստի օրակարգում ընդգրկվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Դուստր Մարիաննա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին հարցը:

Նախագծի համաձայն՝ ընկերության կողմից ներմուծվող խտացրած կաթից նախատեսվում է պատրաստել կաթ՝ եվրոպական պանրի, սպիտակուցների և անյուղ փոշու արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Արդեն իսկ իրականացվել է խտացրած կաթի ֆիլտրման UF և NF, կաթի խտացման, չորացման համակարգերի, գոլորշի արտադրող կաթսայի համար 1․5 մլրդ դրամի ներդրում, ինչպես նաև 105 մլն դրամի ներդրում՝ գործարանի կառուցման համար։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 18 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում (նոր արտադրամասում) ստեղծել 25 նոր աշխատատեղ` մինչև 140,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80% և ավելին նախատեսվում է արտահանել ՌԴ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 18 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․7 մլրդ դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Նշվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել