ՏՄՊՊՀ-ի լիազորությունները

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրավունք ունի՝

ա) ընդունելու որոշումներ՝
– oրենքի հնարավոր կամ փաստացի խախտումների,
– ապրանքային շուկաների ուսումնասիրության,
– վարչական վարույթ հարուցելու ստուգում, ուսումնասիրություն իրականացնելու,
– ապրանքային շուկաների սահմանների, այդ շուկայում տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքի առկայության, ինչպես նաև դրանով պայմանավորված միջոցառումների իրականացման,
– գերիշխող դիրքը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ չարաշահող տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման (բաժանման, առանձնացման, փայաբաժնի կամ միջոցների օտարման),
– տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից օրենքի խախտումների դադարեցման կամ դրանց հետևանքների վերացման, սկզբնական վիճակի վերականգնման, սույն օրենքին հակասող պայմանագրերի փոփոխման կամ լուծման, այլ տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագրերի կնքման,
– պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված ակտերի, այլ փաստաթղթերի (կազմակերպված մրցույթների վերաբերյալ որոշումների, արձանագրությունների և այլն)՝ տնտեսական մրցակցությանպաշտպանության մասին օրենսդրությանը հակասելու, կնքվող համաձայնությունների, պետական օժանդակությունների, ինչպես նաև համակենտրոնացումների մասին եզրակացություններ տալու,
– համակենտրոնացումը կամ պետական օժանդակությունը, պետական մարմինների, տնտեսվարող սուբյեկտների կամ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունները կամ վարքագիծը կասեցնելու, լուծարելու (լուծելու, դադարեցնելու), ակտերը ոչ իրավաչափ, ուժը կորցրած ճանաչելու,
– տնտեսվարող սուբյեկտներին և նրանց պաշտոնատար անձանց, պետական մարմինների պաշտոնատար անձանց սույն օրենքի խախտման համար պատասխանատվության ենթարկելու.
– տնտեսվարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց` սույն օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ զգուշացումներ տալու.
– պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն օրենքի դրույթների կիրառման վերաբերյալ խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցներ, այլ փաստաթղթեր հաստատելու վերաբերյալ.
բ) իրականացնելու վերահսկողություն` Հանձնաժողովի որոշման կատարման (պահպանման) նկատմամբ.
գ) տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության արժանահավատության, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման կամ Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացնելու ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում` հսկիչ գնում) և (կամ) դիտանցում.
դ) դիմելու դատարան սույն օրենքի խախտումների վերաբերյալ, այդ թվում՝ պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ընդունած ակտերը, տնտեսվարող սուբյեկտների` օրենքի խախտմամբ կնքված պայմանագրերը լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչելու, ինչպես նաև այդ պայմանագրերի փոփոխման կամ լուծման պահանջով.
ե) դիմելու Հայաստանի Հանրապետության կառավարությանը` պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց` սույն օրենքին հակասող գործողությունները կամ վարքագիծը դադարեցնելու միջնորդությամբ.
զ) տալու նախազգուշացում` խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարությամբ, նշանակելու տուգանք` խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու և տուգանքը վճարելու հանձնարարությամբ` սահմանելով հանձնարարության կատարման ժամկետ.
է) ընդունելու հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի, համակենտրոնացումների, անբարեխիղճմրցակցության, պետական օժանդակության, դիտանցումների, հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման, ինչպես նաև ապրանքային շուկայի որոշման հետ կապված համապատասխան կարգեր.
ը) տալու պարզաբանումներ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ.
թ) կատարելու օրենսդրությամբ նախատեսված այլ իրավասություններ:

Նշված հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված` ապախոշորացման վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը ենթակա է կատարման տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում:

Եթե որևէ տնտեսվարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում քննարկման, վարույթի, ստուգման, ուսումնասիրության և (կամ) դիտանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն կամ այլ կերպ խոչընդոտում է դրանց ընթացքը կամ բացակայում են դրանց համար անհրաժեշտ փաստաթղթերն ու այլ տեղեկատվությունը, ապա Հանձնաժողովն իրավասու է որոշումներ կայացնելու իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի և այլ տեղեկատվության հիման վրա: Սույն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտեսվարող սուբյեկտներին չի ազատում փաստաթղթեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունից կամ դրանք սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սույն մասով սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար սահմանված պատասխանատվությունից:

Էլեկտրոնային հաղորդակցության ապրանքային շուկաների սահմանների և այդ շուկաներում տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքի առկայության հարցի քննարկման դեպքում Հանձնաժողովը խորհրդակցում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

Օրենքով սահմանված խնդիրներն ու գործառույթներն իրականացնելիս Հանձնաժողովն անկախ է պետական այլ մարմիններից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել