Էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդնումը՝ Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ռազմավարության ռազմավարական նպատակ

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ ամրագրված ռազմավարական նպատակներից է էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծումն ու տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովումը,  արդիականացումը։

Ռազմավարության մեջ նշվում է, որ վերջին տարիներին ակտիվորեն քայլեր են ձեռնարկվել հանրային կառավարման տարբեր էլեկտրոնային հարթակների ներդրման ուղղությամբ:

Նորմատիվ իրավական ակտի նախագծերի իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության, այդ գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով 2016 թվականին ստեղծվել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք (www.e-draft.am): Բացի այդ, պետական կառավարման համակարգի թափանցիկության ապահովման, վարչարարության պարզեցման նպատակով ներդրվել են կամ ներդրման փուլում են Էլեկտրոնային ժողովրդավարության (e-democracy) մի շարք առանձին գործիքներ (օրինակ՝ e-request.am, e-hotline.am, e-license.am և այլն):

Այնուամենայնիվ, դեռևս շատ անելիքներ կան հանրային կառավարման էլեկտրոնային գործիքների բարելավման, նոր գործիքների ներդրման և դրանց միջոցով վարչարարության պարզեցման և ժամանակի խնայողության ուղղությամբ:

Իրավաբան.net-ը ներկայացնում է դրանից մի քանիսը:

Վերոնշյալ գործընթացների իրականացման արդյունքում էլեկտրոնային միասնական համակարգը կապահովի էլեկտրոնային եղանակով փաստաթղթաշրջանառության իրականացումը, կնպաստի արդարադատության ոլորտի մարմիններում գործող համակարգերի վարման միասնական քաղաքականության մշակմանը, վիճակագրական համապարփակ տվյալների հավաքագրմանը, ժամանակի, նյութական ռեսուրսների խնայողությանը և վարչարարության պարզեցմանը:

Դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման կարգի կատարելագործում

Գործող կարգի պայմաններում գործերի բաշխման կարգը հաշվի չի առնում դատավորի ծանրաբեռնվածությունը և գործի բարդությունը, ինչը հանգեցնում է որոշ դատավորների անհամաչափորեն ավելի շատ ծանրաբռնվածության։ Բացի այդ, օպերատիվ-հետախուզական գործողությունների նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում նշանակվում են կոնկրետ դատավորներ, որոնք բացառիկ լիազորություն ունեն նշված գործառույթն իրականացնելու, ինչի հետևանքով խախտվում է գործերի պատահական բաշխման տրամաբանությունը և նպատակը։ Ներկայումս արդիական խնդիր է գործերի բաշխումը ըստ ոլորտային մասնագիտացման՝ հատկապես քաղաքացիաիրավական մասնագիտացման դատավորների միջև: Այժմ գործող ընդհանուր բաշխման մոդելը չի ապահովում գործերի արդյունավետ քննություն:  Ուստի հիմնարար բարեփոխման կարիք ունեն դատական գործերի էլեկտրոնային մակագրության և գործերի բաշխման կարգը։

Իրավաբանական անձանց էլեկտրոնային գրանցման e-register համակարգի արդիականացում

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգը հնարավորություն է տալիս կատարել իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական գրանցում/հաշվառում, փոփոխությունների պետական գրանցում/հաշվառում, լուծարման պետական գրանցում և հաշվառումից հանում:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի բազայում պահվում են տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր իրավաբանական անձանց անհատ ձեռնարկատերերի,  իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների մասին:

Համակարգի ծրագրային ապահովումը ստեղծվել է 2011 թվականին և դրանից հետո չի թարմացվել: Համակարգն ուղղված է «մեկ պատուհան» սկզբունքի իրագործմանը, սակայն համակարգի միջոցով ներկայումս հնարավորություն չէ իրականացնել մի շարք գործառույթներ, որոնք արդյունավետ են ժամանակի խնայողության, վարչարարության նվազեցման, գործարար միջավայրի բարելավման և մատուցվող ծառայությունների բարելավման ուղղություններում, մասնավորապես՝

  • օրենքով սահմանված կարգով գործակալության կողմից իրականացվող գործառույթների հետ կապված փաստաթղթերը, ներառյալ` գրանցամատյանից տրամադրվող քաղվածքները, պետականգրանցման և պետական հաշվառման մերժման մասին որոշումները և այլ փաստաթղթեր կազմվում են էլեկտրոնային փաստաթղթերի ձևով,
  • hամակարգը հնարավորություն չի տալիս իրականացնել լրատվամիջոցների հաշվառումը, այլ մարմնի կողմից գրանցված/հաշվառված կազմակերպությունների «վերագրանցումը».
  • փակ բաժնետիրական ընկերությունների գրանցումը.
  • հասարակական կազմակերպությունների գրանցումը.
  • սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի գրանցումը.
  • բաժնետերերի գրանցումը:

Ոլորտի բարեփոխումների ծրագիրն ընդգրկում է վերը ներկայացված խնդիրների լուծում, ինչպես նաև ռեգիստրի ծրագրային ապահովման արդիականացում և ռեգիստրի տվյալների հանրային հասանելիության ապահովում:

Թվային արխիվների ստեղծում

2018 թվականի դրությամբ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալությունում պահպանվում են ընդհանուր առմամբ անհատ ձեռնարկատերերի 93200 ընթացիկ «թղթային արխիվային գործեր» և 91958  գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատերերի «թղթային արխիվային գործեր», 76870 իրավաբանական անձանց «թղթային արխիվային գործեր» և 16322 լուծարված իրավաբանական անձանց «թղթային արխիվային գործեր», որոնք իրենց մեջ պարունակում են մոտավոր 10 մլն թերթ: Մինչ օրս նշված փաստաթղթերն ամբողջությամբ թվայնացված չեն (թվայնացված են միայն գործող իրավաբանական անձանց վերջին կանոնադրությունները):

Պետական գրանցման և հաշվառման գործընթացն ամբողջովին էլեկտրոնային եղանակով իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել վերը նշված փաստաթղթերի թվայնացման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա ապահովել դրանց մատչելիությունը և երկարաժամկետ պահպանությունը:

Նախատեսվում է, որ արխիվային փաստաթղթերի սկանավորման, թվայնացված տվյալների շտեմարանների, հաշվառման և վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացում կներգրավվեն նաև սահմանափակ կարողություններով անձինք:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել