Երևանում և՛ լուծված, և՛ չլուծված խնդիրների պատասխանատուն Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն է․ Գևորգ Պապոյան

ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեկ կենտրոնի կողմից հրահանգված և հայտնի շրջանակների կողմից տարածվող թեզը, թե իբր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կողմ չի եղել ավտոբուսների գնմանը, ոչ միայն սուտ է, այլև քաղաքագիտական անգրագիտություն: Նախ տրանսպորտի և Երևանի մյուս խնդիրների լուծումը «Իմ քայլի» նախընտրական ծրագրի մաս է, ապա առանց «Իմ քայլի» ապահոված ձայների Երևանի քաղաքապետարանում ավագանին ոչ մի որոշում չեր կարող կայացնել, այդ թվում՝ ավտոբուսների կամ վերելակների գնման: Հետևաբար, Երևանում և՛ լուծված, և՛ չլուծված խնդիրների պատասխանատուն Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն է:

Բացի այդ, Երևանի քաղաքապետարանը այս ընթացքում ունեցել է ՀՀ Կառավարության բացարձակ աջակցությունը. մասնավորապես նախ սուտ է, որ քաղաքապետարանը միայն իր միջոցներով է իրականացրել այդ ծրագրերը, օրինակ միայն ավտոբուսների գնման համար Կառավարությունը ս.թ. նոյեմբեր ամսին 2 մլրդ 170 մլն դրամ գումար է հատկացրել Երևանին՝ ավտոբուսների ներմուծման հետ կապված հարկային պարտավորությունները կատարելու նպատակով:

Բացի այդ 2020թ., 2021թ. և 2022թ. պետական բյուջեով Երևան քաղաքին միայն ֆինանսական համահարթեցման տրամաբանությամբ հատկացվել է 13.4 մլրդ-ական դրամ՝ յուրաքանչյուր տարի կամ ընդհանուր 30.2 մլրդ դրամ:

Ի հավելումն, միայն մի շարք ներքոնշյալ ծրագրերով 2022թ. Երևան քաղաքին կհատկացվի ևս 15 մլրդ 46 մլն դրամ՝ տարբեր միջոցառումների իրականացման համար: Նույն ցուցանիշը 2021թ. եղել է 12 մլրդ 201 մլն դրամ:

Առհասարակ դոտացիայի հետ միասին 2022թ. Երևան քաղաքին բյուջեով հատկացվել է 28 մլրդ 446 մլն դրամ, իսկ 2021թ.՝ 25 մլրդ 601 մլն դրամ:

Այսպիսով.

Երևանի էներգաարդյունավետության բարձրացման և արտաքին լուսավորության համար 2022թ. կհատկացվի 2 մլրդ 516 մլն դրամ, իսկ 2021թ. հատկացվել է 3 մլրդ 149 մլն դրամ:

Երևան քաղաքի փողոցների ճանապարհաշինական աշխատանքների համար 2022թ. կհատկացվի 3 մլրդ 284 մլն դրամ, իսկ 2021թ. հատկացվել է 784 մլն դրամ:

Երևանում ճանապարհային երթևեկության կարգավորման համար 2022թ. կտրամադրվի 766 մլն դրամ:

Մետրոպոլիտենի աշխատանքի անխափան կազմակերպման համար 2022թ. կտրամադրվի 4 մլրդ 998 մլն դրամ, իսկ 2021թ. տրամադրվել է 3 մլրդ 575 մլն դրամ:

Վերգետնյա էլեկտրատրանսպորտի (տրոլեբուսներ) համար 2022թ. կտրամադրվի 628 մլն դրամ, այդքան էլ՝ 2021թ.ին:

Ջրամատակարարման ապահովման համար 2022թ. կտրամադրվի 1 մլրդ 852 մլն դրամ, իսկ 2021թ. տրամադրվել է 2 մլրդ 85 մլն դրամ:

Աղբահանության համար 2022թ. կհատկացվի 590 մլն դրամ, իսկ 2021թ.ին՝ 1 մլրդ 562 մլն դրամ:

Անշարժ գույքի պահպանման հետ կապված ծառայություններ՝ 2022թ.ին հատկացվել է 411 մլն դրամ, 2021թ.՝ 418 մլն դրամ:

Կից ներկայացված է բյուջեով Երևանին հատկացվող գումարները՝ ըստ տարիների»:

Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել էր․ «Պատմեմ մի ստոր սաբոտաժի փորձի մասին, այն էլ՝ երևանցիների երևի ամենաբաղձալի փոփոխությանն ուղղված սաբոտաժի։ Խոսքը նոր ավտոբուսների մասին է, որի գնման համար ավագանին պետք է որոշում կայացնի։ Հերթական նիստի նախորդ գիշերը պարզ է դառնում, որ փորձ է արվում գնման գործընթացը սաբոտաժի ենթարկել` ուղղակի նիստին չգալով, որպեսզի քվորում չլինի և նոր ավտոբուսների գնումը տապալվի։ Դա կնշանակեր, որ երևանցիները ոչ միայն զրկված էին լինելու նոր ավտոբուսներից, այլ այն ժամանակ նաև կատաստրոֆիկ խնդիրներ էին առաջանալու ընդհանրապես տրանսպորտային համակարգում։

Սաբոտաժի փորձը արվում է ավագանու անդամներին զանգելով, որպեսզի նիստին ներկա չգտնվեն, իսկ նիստի օրն ուղղակի զանգերով նիստից փորձում էին հանել մարդկանց։ Սակայն ենթարկվող, կարիերիստ ու շանտաժիստ այս տեսակը դժվար էլ հասկանար, որ անգամ, եթե գնումը տապալվեր, միևնույնն է իրենք էին մեղավոր լինելու, որովհետև ոչ թե քաղապետի բացակայության արդյունքում էր տապալվելու այլ՝ իրենց։ Այս տխրահռչակ սաբոտաժի կազմակերպմանը մասնակցել են թե՛ ավագանու անդամներ, թե՛ քաղաքապետարանից դուրս անձինք. հայտնի են անուններ։

Նիստը կայանում է մեծ ջանքերի շնորհիվ, գրեթե ամբողջ գիշեր քաղաքապետի, որոշ ավագանու անդամների հետ միասին հատ-հատ հաշվում էինք, թե քանի հոգի է նիստին մասնակցելու։ Ինչպես ասում են՝ ծայրը ծայրին քվորումը ապահովում ենք։

Հետագայում, երբ ավտոբուսները սկսեցին հասնել Երևան, այդ նույն սաբոտաժի մասնակիցների մի մասը գլուխ գովելով կիսվում էր համացանցում ու լայքեր հավաքում։

Հարգելի երևանցիներ, կա՞ արդյոք ավելի մեծ դավաճանություն, քան երբ ավագանին, կուսակցականներ կամ պաշտոնյաներ անձնական և կուսակցական շահն ու վրեժխնդրությունը վեր են դասում քաղաքի շահից ու դեռ վտանգի ենթարկում ստրատեգիական նշանակություն ունեցող տրանսպորտային համակարգը։ Միայն այս փաստը բավական է, որ ձեզ համար պարզ դառնա, թե ինչ է իրենից ներկայացնում այս գործընթացը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել