«Միջանցքի» թեման ֆեյք է, այն բանակցությունների սեղանին չկա․ Արմեն Գրիգորյան

ԱՄՆ-ի Սպիտակ տան մամլո ծառայությունը հաղորդում է, որ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի միջեւ դեկտեմբերի 15-ին անցկացված հանդիպման ժամանակ Սալիվանը փոխանցել է Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման գործում Միացյալ Նահանգների հանձնառությունը: Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության կապակցությամբ և ընդգծել, որ չսահմանազատված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերը «անպատասխանատու և սադրիչ» քայլեր են։

Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը «Ամերիկայի Ձայն»-ին տրված հարցազրույցում Արմեն Գրիգորյանն ասում է, որ հանդիպումը Ջեյք Սալիվանի հետ եղել է արդյունավետ: Քննարկվել է Հայաստանի ու Միացյալ Նահանգների երկկողմ օրակարգը:

«Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը կարեւոր անվտանգային գործոն է»,- ասում է նա ու ավելացնում.

«Այդ օրակարգում շատ կարեւոր դեր եւ նշանակություն ունի Հայաստանի ժողովրդավարացման շարունակական գործընթացը: Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք շարունակել այդ գործընթացում մեր համագործակցությունը: Քննարկել ենք նաեւ տարածաշրջանում անվտանգային միջավայրին վ, ինչպես նաեւ` տարածաշրջանում համագործակցության եւ տնտեսության զարգացմանը վերաբերող հարցեր»:

Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանում կայուն համագործակցության եւ ընդհանուր ապաշրջափակման հնարավորությամբ, ասում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով այսպես կոչված «միջանցք»-ի մասին հաճախ հնչող խոսքերին, Ադրբեջանի կողմից պահանջներին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է, որ նման հարց իրականության մեջ չկա:

«Հայաստանը որեւէ ժամանակ չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որեւէ հարց: «Միջանցք»-ի հարցը Բրյուսելում որոշակի չափով եւս մեկ անգամ հաստատեց, որ այդպիսի թեմա չկա: Դա ֆեյք թեմա է, որը բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է բանակցային գործընթացի վրա»:

Արմեն Գրիգորյանը վաշինգտոնյան այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաեւ կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ, մասնակցել Atlantic Council վերլուծական կենտրոնում անցկացված քննարկումներին:

«Atlantic Councel-ը կազմակերպել էր հանդիպում փորձագիտական համայնքի հետ, որտեղ ներկայացրել եմ մեր ընկալումները տարածաշրջանային կայունացման եւ տարածաշրջանում համագործակցություն ստեղծելու վերաբերյալ», ասում է նա:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է, որ Հայաստանի իշխանությունները կարեւոր են համարում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի երկարաժամկետ լուծման ուղիների շուրջ քննարկումներ սկսելու հանգամանքը:

Հարց. Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է գտնվել խնդրի լուծում, եթե Մինսկի խմբի նույն սկզբունքները մնան օրակարգում, որոնց մեջ են տարածքային ամբողջականության եւ ազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքները, եւ որոնք 25 տարի իրար հակասեցին ու խանգարեցին:
«Հնարավոր է գտնել լուծում, եթե կա քաղաքական կամք»:

Հարց. Ու՞մ կողմից:

«Այդ քաղաքական կամքը մենք ունենք, եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանում եւս այդպիսի կամք կլինի, որպեսզի գտնվի երկարատեւ լուծում: Պատերազմից հետո շատ էր խոսվում, որ խնդիրը լուծված է, բայց ինչպես նշեցի, արձանագրված է ե՛ւ մեր ե՛ւ միջազգային հանրության կողմից, որ խնդիրը լուծված չէ: Մենք պիտի աշխատենք խնդրի լուծման ուղղությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել