Նախկինները ավելի շատ են հաղթել, քան դուք. Ագնեսա Խամոյանը՝ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի մասին

ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստի ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարեց, որ ՏԻՄ ընտրություններում հաղթել են նախորդ իշխանության ներկայացուցիչները, որոնք առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով:

Պատգամավորը՝ դիմելով Վահագն Ալեքսանյանին, ասաց. «Ոգևորված թվեր եք մատնացույց անում: Ասում եք՝ մենք 50,2 տոկոս ենք հավաքել ՏԻՄ ընտրություններում: Օրինակ՝ Ջերմուկում հաղթած Վահագն Արսենյանի կամ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հաղթանակի հետ Դուք ի՞նչ կապ ունեք»,- հարցրեց Խամոյանը:

Նրա խոսքով՝ Թովմաս Շահվերդյանը 2017 թվականի ընտրությունների ժամանակ մրցել է գործող մարզպետի հետ և «Հայաստանի Հանրապետական» կուսակցության համար ձայներ ապահովել:

Պատգամավորը նշեց նաև, որ Մարտունիում հաղթել է թեկնածու, որը 2015 թվականի սահմանադրական  բարեփոխումների ժամանակ՝ որպես իշխանության համար շատ ձայներ բերած համայնքի ղեկավար պարգևատրվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով:

«Նախկինները ավելի շատ են հաղթել, քան դուք: Երկու կարկառուն ներկայացուցիչ ունեք, որ հաղթել են ՏԻՄ ընտրություններում՝ Արմավիրում և Էջմիածնում»,-հավելեց Խամոյանը:

Հիշեցնենք, որ նիստին արտահերթ ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշեց, որ «Հայաստան» դաշինքը, եթե այդպիսին դեռ գոյություն ունի, «հաղթանակ» բառի իմաստը չի հասկանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել