ՄՊՀ մամուլի խոսնակը հերքում է հանձնաժողովի նիստին պաշտոնյաների միջև ձեռնամարտի դեպքը

ՄՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանն անդրադարձել է «Հրապարակ» թերթի հոդվածին։

«Չէինք անդրադառնա «Հրապարակ» թերթի այսօրվա «Արտառոց միջադեպ ՏՄՊՊՀ-ում» վերտառությամբ հոդվածին, եթե այն անմիջականորեն չառնչվեր և միտում չունենար վնասելու Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեությանը:

Ցանկանում եմ շեշտել, որ լրատվամիջոցը հրապարակել է իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություններ: Ինչպես արդեն տեղեկացրել էի լրատվամիջոցին, Հանձնաժողովի որևէ նիստի ժամանակ աշխատակիցների միջև վիճաբանության միջադեպ չի գրանցվել:

Հետևաբար հոդվածում շարադրված պատմությունը, մասնավորապես տնտեսավարողների «ապշահար շենքը լքելու» և նրանց հետ տեղի ունեցած երկխոսությունը մտացածին է և բացառապես հոդվածագրի երևակայության արդյունք»:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը ավելի վաղ գրել էր, որ օգոստոսին արտառոց միջադեպ է տեղի ունեցել ՏՄՊՊՀ-ում: Նիստի ժամանակ վեճ է ծագել մեթոդաբանության եւ շուկաների վերահսկողության վարչության պետ Դավիթ Էլոյանի եւ մրցակցության վարչության աշխատակից Արսեն Պետրոսյանի միջեւ, ապա վերաճել է ձեռնամարտի:

«Էլոյանին չի կաշկանդել հանձնաժողովի նախագահի ներկայությունը, «վազել է իր աշխատասենյակ, դանակ բերել, որ հարձակվի Արսենի վրա», հետո Պետրոսյանին կանչել է միջանցք՝ «ռազբորկայի»։ Ահաբեկված աշխատակիցները փախել են իրենց սենյակներ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել