Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած քաղաքացիները խոչընդոտել են վիրավոր զինվորին տեղափոխող մեքենայի ընթացքը․ ՊՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 9-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո հայկական կողմն ունի հրազենային թեթև վիրավորում ստացած երկու զինծառայող։

Պաշտպանության նախարարոիւթյունից հայտնում են, որ նույն օրը, երեկոյան, Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են նշված մեքենայի ընթացքը։ Այդ պատճառով մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը։

ՀՀ պաշտպանության նախարարությունն անթույլատրելի է համարում տեղի ունեցածը, նաև հիշեցնում, որ զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և 24-ժամյա ռեժիմով իրականացնում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթը։ Հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու գործառույթին խոչընդոտելը դուրս է բարոյական բոլոր սահմաններից՝ անկախ որևէ պատճառաբանությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել