1 մանդատով առավելությունը կամ կոալիցիաներ կազմելը չի երաշխավորում կայուն կառավարում․ Էմին Երիցյան

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

Շնորհավորում եմ դեկտեմբերի 5-ին կայացած ավագանու ընտրություններին մասնակցած, նվազագույն ընտրական շեմը հաղթահարած թիմերին քաղաքական ուժերին։

Ուրախալի է, որ բոլոր համայնքներում նախընտրական քարուզչությունը և բանավեճը հիմնականում կենտրոնացավ տեղական խնդիրների շուրջ՝ չնենգափոխելով ընտրական գործընթացը, պահպանելով ընտրության համայնքային բովանդակությունը։

Նույն կերպ, պետք չէ ընտրությունների արդյունքները մեկնաբանել կրկին ազգային քաղաքական օրակարգերի համատեքստում։

Քվեներ ստացել են առաջին հերթին տեղական թիմերը, իսկ կուսակցական անվանումներն ավելի երկրորդական էին։ Համամասնական ընտրակարգին անցումն առաջին քայլերն է անում, և տեղական էլիտաների ու կուսակցությունների համագործակցությունը դեպքերի մեծ մասում դեռ ձևական բնույթ ունի։

Համամասնական ընտրակարգին անցումը վեր հանեց նաև կարևոր խնդիր՝ ավագանու կազմերում կայուն մեծամասնության ապահովման հարցը։ 1 մանդատով առավելությունը կամ կոալիցիաներ կազմելը չի երաշխավորում կայուն կառավարում։ Ավելին, պատմական փորձն ապացուցում է, որ համայնքային մակարդակում քաղաքական կոալիցիաներն արդյունավետ չեն։

Այս մասին մենք միշտ ենք բարձրաձայնել՝ առաջարկելով օրենսդրական լուծումներ։ Կայուն մեծամասնություններ կարող են ապահովվել, եթե ավագանու կազմի մի մասն ընտրվի մեծամասնական սկզբունքով (խառը ընտրական համակարգ) կամ համայնքի ղեկավարն ընտրվի ուղիղ ընտրակարգով։

Կոչ եմ անում այլևս շրջանառությունից հանել խոշորացված-չխոշորացված բնորոշումները՝ չխճճելով իրավիճակն ու ավելի արագ ադապտացիա ապահովելով նոր իրողություններին։

Կարևոր է նաև տեղական ընտրություններում քիչ օգտագործել նաև հաղթանակ բառը։ Քանի որ ներկայիս համակարգը ենթադրում է կոլեգիալ կառավարում ավագանու՝ համայնքի ներկայացուցչական մարմնի կողմից։ Ընտրական նվազագույն շեմը հաղթահարած բոլոր թիմերը (անկախ մանդատի քանակից) այդ կառավարման մասնակիցն են։

Ավագանու, ավագանու խմբակցությունների դերի ու գործառույթների օրենսդրական շրջանակը հին է մնում։ Այն չի ապահովում ներկա իրավիճակին համարժեք մեխանիզմներ, մասնակցություն։ Ուստի հրատապ են օրենսդրական փոփոխությունները նաև այս առումով։

Նախընտրական շրջանում անհասկանալի էր քարոզարշավին սուբվենցիոն ծրագրերի հեղինակության համար մրցապայքարը։ Սա ազդակ էր, որ այդ ծրագրերի ֆինանսավորման համակարգը պետք է փոխվի։

Այն կարող է իրականացվել հատուկ հիմնադրամների միջոցով՝ ռեգիոնալ կամ ազգային։ Բացի այդ, այդ միջոցները մեր համայնքների հարկատուների միջոցներն են, ու դրանք պետական բյուջեում կենտրոնացնել, ապա ծրագրեր համաֆինանսավորելը համահունչ չէ տեղական ժողովրդավարության սկզբունքներին։

Ազգային ժողովը պետք է համայնքների բյուջեների համար սահմանի եկամտի նոր աղբյուրներ, և այդ գումարները համայնքներ պետք է հասնեն որպես սեփական միջոցներ։

Առջևում ահռելի ծավալի աշխատանք կա՝ ապահովելու համար նորաստեղծ համայնքների կայուն գործունեության տրանսֆորմացիան, կարողությունների զարգացումը, նոր տեսլականների, ռազմավարությունների, բյուջետային գործընթացների կազմակերպումը, այդ ամենի իրավական ռեֆորմների ուղեկցությունը։

Մենք, այս ռեֆորմներին համահունչ, փոփոխություններ ենք նախատեսել նաև Հայաստանի համայնքների միության կառավարման, կառուցվածքի փոփոխության ու նոր ռազմավարության ընդունման համատեքստում։

Արդիական են դառնում նաև կրթական ծրագրերը նոր ընտրված տեղական ներկայացուցիչների ու կուսակցությունների համար։

Կրկին շնորհավորում եմ բոլոր թիմերին, քաղաքական ուժերին, ավագանու ընտրված անդամներին։
Հարգանքներով
Էմին Երիցյան

Հայաստանի համայնքների միության նախագահ,
Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել