Ինչո՞վ է զբաղվում ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանը, քանի՞ դատավոր ունի և ո՞ր երկրներ են նրանք ներկայացնում

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Միացյալ Ազգերի կազմակերպության միջազգային արդարադատության դատարանը (Հաագայի դատարան) անցկացնելու է «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդության լուծման նպատակով հրապարակային բանավոր լսումներ:

Իրավաբան․net-ը ներկայացնում է, թե ինչով է ընդհանրապես զբաղվում միջազգային դատարանը, ինչպիսի կազմ ունի և ինչ կաչգով է քննում գործերը։

Արդարադատության միջազգային դատարան ՄԱԿ-ի հիմնական դատական մարմիններից մեկն է։ Այն կազմված է 15 դատավորներից, որոնք ընտրվում են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի և Անվտանգութան Խորհրդի կողմից ինը տարի ժամկետով։

Գործող կազմը․

Դատարանի նախագահ

Աբդուլքավի Ահմեդ Յուսուֆ (Սոմալի)

Փոխնախագահ

Խո Հան Ցին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)

Դատավորներ

Պիտեր Տոմկա (Սլովակիա),
Ռոնի Աբրահամ (Ֆրանսիա),
Մոհամեդ Բենունա (Մարոկկո),
Անտոնիո Ագուստո Տրինիդադ (Բրազիլիա),
Ձոան Դոնոգու (ԱՄՆ),
Ջորջիո Գախա (Իտալիա),
Ջուլիա Սեբուտինդե (Ուգանդա),
Դալվեր Բհանդարի (Հնդկաստան),
Պատրիկ Լիպտոն Ռոբինսոն (Ճամայկա),
Ջեյմս Քրաուֆորդ (Ավստրալիա),
Կիրիլ Գևորգյան (Ռուսաստան),
Նաուաֆ Սալամ (Լիբանան),
Յուջի Իվասաուա (Ճապոնիա):

Գրանցող

Ֆիլիպ Քուղվո (Բելգիա):

Դատավորները ընտրվում են 9 տարի ժամկետով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի կողմից այն մարդկանց թվից, ովքեր առաջադրված են ազգային խմբերի կողմից Արբիտրաժի մշտական պալատում։

Դատարանի ներսում շարունակականությունը ապահովելու նպատակով 15 դատավորներից հինգը փոփոխվում են երեք տարին մեկ։ Եթե դատավորը մահանում է պաշտոնավարման ընթացքում, ապա, որպես կանոն, պաշտոնը թափուր չթողնելու նպատակով անցկացվում են արտահերթ ընտրություններ։

Երկու միաժամանակ պաշտոնավարող դատավորներ չեն կարող լինել միևնույն պետության քաղաքացիներ։ Գոյություն ունի ոչ պաշտոնական պայմանավորվածություն այն մասին, որ տեղերը բաշխվում են ըստ աշխարհագրական տարածաշրջանների այնպես, որ հինգ տեղ հատկացվում է Արևմտյան երկրներին, երեք տեղ՝ Աֆրիկյան պետություններին, երկու տեղ՝ Արևելյան Եվրոպայի պետություններին, երեք տեղ Ասիական պետություններին և երկուսը` Լատինոամերիկյան և Կարիբյան երկրներին։ Դատարանի պատմության մեծ մասի ընթացքում ՄԱԿ-ի հինգ մշտական անդամները (Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ) միշտ դատարանի կազմում ունեցել են իրենց երկրից դատավորներ, որոնք զբաղեցրել են երեք արևմտյան տեղերը, ասիական տեղերից մեկը և արևելաեվրոպական տեղերից մեկը։ Բացառություն էր կազմում Չինաստանը, որը դատավոր չի ունեցել 1967-1985 թվականներին, և բրիտանացի դատավոր Քրիստոֆեր Գրինվուդը, ով 2017 թվականին երկրորդ անգամ չընտրվեց և այդ պատճառով էլ այդ ընթացքում Միացյալ Թագավորությունը դատավոր չունեցավ։

Դատավորները ընտրվում են անկախ իրենց քաղաքացիությունից, բարձր բարոյական արժեքների տեր մարդկանցից, ովքեր բավարարում են այն պահանջներին, որոնք ներկայացվում են իրենց երկրներում բարձրագույն դատական պաշտոններին նշանակվելիս, կամ նրանցից, ովքեր հանդիսանում են միջազգային իրավունքի ասպարեզում հեղինակություն վայելող իրավաբաններ։

Դատավորը կարող է աշխատանքից ազատվել միայն դատարանի այլ անդամների գաղտնի քվեարկությամբ։ Անկախ այս դրույթիների գոյությանը, եղել է դեպք, երբ ԱՄԴ-ի դատավորների անկախությունը կասկածի տակ է դրվել։ Օրինակ` Նիկարագուայի գործը քննելու ընթացքում Միացյալ Նահանգները հրապարակեց կոմյունիկե, որում ասվում էր, որ ինքը չի կարող դատարանին գաղտնի նյութեր տրամադրել, քանի որ Արևելյան դաշինքի պետությունների դատավորները ներկայացված են դատարանում։

Մինչ վճռի ընթերցումը, դատարանն իրավունք ունի պահանջել ժամանակավոր միջոցների կիրառում դատավարության մեջ ներառված կողմերից մեկի իրավունքները պաշտպանելու նպատակով։ Կողմերից մեկը կամ երկուսն էլ կարող են դիմել Արդարադատության միջազգային դատարան նմանատիպ ժամանակավոր միջոցներ կիրառելու խնդրանքով։

Ինչպես վերջնական վճիռը, այնպես էլ ժամանակավոր միջոցներ կիրառելու հրամանը պարտադիր են երկու կողմերի համար։ Դատարանն իրավասություն ունի կիրառել ժամանակավոր միջոցներ այն դեպքում, երբ prima facie (նախնական կարծիք, նախնական զննում) իրավասությունը ապահովված է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել