«Ի՞նչ հավելյալ արժեք ստեղծվեց Ձեր կիսագրագետ հորինվածքից». ՔՊ-ական պատգամավորը՝ Աննա Մկրտչյանի ելույթի մասին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԺ ամբիոնից Ձեր «շեֆերի» կողմից գրված ելույթները լսելիս, երբ անցնում եք բոլոր բարոյականության, էթիկայի և քաղաքական բարեկրթության սահմանները, մի կողմից համակերպվեցինք՝ ընդունելով, որ Ազգային Ժողովում գոյություն ունի մեկը, որին ընդհանրապես չարժի անդրադառնալ, ընկալել, ամոթ զգալ իր փոխարեն։ Ընդամենը սկսեցինք անտեսել․․․

Գործիքակազմը փոխվեց, և սկսվեց Ազգային ժողովի ամբիոնից պետականությանը վնաս հասցնող ահասարսուռ մեկնաբանություններ, գերիների ծնողների ամբողջ կյանքը ալեկոծող ելույթներ։ Ի՞նչ եք մտածում, դրանով ի՞նչ եք ստանալու։ Դեռևս գերեվարման մեջ գտնվող մեր հայրենակիցների ծնողները, ընտանիքները ի՞նչ պետք է զգան Ձեր ելույթից, ի՞նչ հավելյալ արժեք ստեղծվեց Ձեր կիսագրագետ հորինվածքից։ Լավ վերջը, ի՞նչ եք ուզում դուք էս ժողովրդից։ Եթե միայն քաղաքական դիվիդենտներ, ապա հուշեմ, որ Ձեր ցինիզմի աստիճանի անհեռատես տեքստերին ծափ են տալիս միայն այդ տեքստերի հեղինակները և հարևան պետության քարոզչամեքենան։ Ավելին՝ Ձեր մտքի փայլատակումները ամեն վայրկյան քաղաքացիների կողմից արժանանում են հնարավոր բոլոր դրսևորումներով լուտանքների»։

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հայտարարությունների ժամին խոսում էր Բաքվի բանտերում հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների մասին։

«Հայ գերիներին ադրբեջանցիները ծեծելու համար ստեղծել են առանձին խմբեր, ծեծում են մինչև հայի գիտակցության կորուստը, սպասում, մինչև գիտակցության գա ու շարունակում ծեծել։ Ադրբեջանցիները եռման թեյ ու ջուր են լցնում հայ գերիների մարմինների վրա, այրվածքներ պատճառելուց հետո շարունակում են ծեծը, հետո ծեծում այնքան, մինչև մահանա։ Մահից հետո մի քանի օր դին թողնում են բանտախցում, սնվելու համար տալիս են 10 վայրկյան, ստիպում են ուտել գետնից, թքում են ուտելիքի մեջ ու ստիպում ուտել, կտրում են մանրամասներ, ողջ-ողջ կապում են մեքենայից ու քարշ տալիս, զրկում են ջրից, քնից ու սննդից», – մեջբերումն ավարտեց պատգամավորը։

Աննա Մկրտչյանը հաջորդիվ հարցրեց իշխանություններից, թե սա՞ է արդյոք թուրքերի ուղարկած «դրական ազդակը»։

«Սա՞ է կառավարության շենքից երևացող «դրական ազդակը»։ Այսինքն, հային խոշտանգելը դրական ազդա՞կ է։ Այս ստին զուգահեռ իրականությունը պետք է ավարտել, և պետք է ավարտել այն ստի քարոզարշավը, որը վերնագրված է «Քո Նիկոլ»-ով»», -ասաց պատգամավորը։

Աննա Մկրտչյանի հայտարարությունից հետո դահլիճից լսվեց ՔՊ-ական պատգամավորների դժգոհությունը, թե գերիների ծնողները բողոքում են, որ այդպիսի բաներ են ասում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել