Facebook-ի օգտատերը, դատարանի որոշմամբ, ներողություն է խնդրել Արսեն Թորոսյանից և փոխհատուցում վճարել

Facebook-ի օգտատեր Սերգեյ Չամանյանը հրապարակայնորեն ներողություն է խնդրել Արսեն Թորոսյանից: Այս մասին հայտնում է AM իրավաբանական ընկերությունը։

2019թ. նոյեմբերին Սերգեյ Չամանյանը Facebook սոցիալական ցանցի իր անձնական էջում կատարել էր հրապարակում՝ արատավորելով Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի պատիվն ու արժանապատվությունը: Թորոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Դավիթ Հունանյանը դիմել էր դատարան՝ պահանջելով Սերգեյ Չամանյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել Արսեն Թորոսյանից, ինչպես նաև տրամադրել փոխհատուցում վիրավորանքի համար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր փաստաբան Դավիթ Հունանյանի պահանջը և պարտավորեցրել Սերգեյ Չամանյանին Facebook սոցիալական ցանցի անձնական էջով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցով հրապարակայնորեն ներողություն խնդրել Առողջապահության նախկին նախարարից վիրավորանք պարունակող արտահայտությունների համար, ինչպես նաև նախատեսել էր փոխհատուցում վիրավորանքի համար:

Փաստաբան Դավիթ Հունանյանի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք՝ հատուցման չափի ավելացման վերաբերյալ: Վերաքննիչ դատարանը բավարարել էր բողոքը և ավելացրել Արսեն Թորոսյանին հասցրած վիրավորանքի համար հատուցման չափը:

Սերգեյ Չամանյանը ներողություն է խնդրել Արսեն Թորոսյանից և վճարել է վիրավորանքի համար դատարանի որոշմամբ նախատեսված փոխհատուցման գումարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել