Տնտեսվարողները ժամանակին մասնագիտական օգնություն չստանալու պատճառով ավելի մեծ ռեսուրսներ են կորցնում․ «Ֆիդելիս» իրավաբանական ընկերության տնօրեն

Բիզնես ոլորտի ներկայացուցիչները հաճախ վնասներ են կրում՝ ժամանակին իրավաբանների հետ չխորհրդակցելու պատճառով։ Պետական համակարգի հետ տնտեսվարողների ունեցած խնդիրների, բիզնեսի առողջացման ծրագրերի մասին Իրավաբան.net«Հայաստանի իրավաբանական ընկերությունները» հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել ենք «Ֆիդելիս» իրավաբանական ընկերության տնօրեն Վլադիմիր Գաբրիելյանի հետ։ Ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին, շուրջ 5 տարի է ինչ փաստաբանական ծառայություններ է մատուցում։

-Պարոն Գաբրիելյան, գիտենք, որ վերջին ժամանակահատվածը բավականին դժվար էր բոլորի, առավել ևս՝ տնտեսվարողների համար․ հաշվի առնելով 2020 թվականին գլուխ բարձրացրած կորոնավիրուսը ու մեզ համար ավելի ցավալի Արցախյան երկրորդ պատերազմը։ Կասեք, թե տնտեսվարողները հիմնականում ինչ խնդիրներով են Ձեզ դիմում․ փաստ է, որ նրանք ունեն թե՛ իրավաբանական, թե՛ տնտեսական խնդիրներ։ 

-Մեզ դիմել են հիմնականում խորհրդատվական հարցերով՝ կապված համաճարակով պայմանավորված սահմանափակումների, դրանց իրավաչափության հետ։ Շատ են դիմել նաև դիմակների կրման պարտադիր պահանջի հետ կապված իրավական ակտերի, դրանց իրավաչափության վիճարկման և այլ հարցերով։

Արցախյան երկրորդ պատերազմի հետ կապված, կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ  խնդիրները հիմնականում ֆինանսական են, բայց դեռ վաղ է խոսել պատերազմի հետևանքներով քաղաքացիների իրավունքների խախտումների մասին։ Ինչպես գիտենք․ մեր հազարավոր հայրենակիցներ տեղահանվել են, թշնամու կողմից օկուպացված տարածքներում է մնացել նրանց սեփականությունը՝ տներ, բիզնեսներ, հողատարածքներ և այլն։ Իմ կարծիքով, այս խնդիրները դեռ բարձրաձայնվելու են։

-Գիտենք նաև, որ «Ֆիդելիսը» սնանկության հարցերով է զբաղվում։ Այս ոլորտը անձանց մոտ ասոցացվում է տարբեր դժվարությունների հետ։ Սնանկ ճանաչվել ցանկացող անձիք հիմնականում ինչ խնդիրների առաջ կարող են կանգնել։ 

-Այո, ճիշտ եք ասում։ Սնանկ ճանաչվելն ասոցացվում է պարտքերից ազատվելու հետ։ Մարդկանց թվում է, որ սնանկ ճանաչվում են միայն, որ պարտքերից ազատվեն, բայց դա այնքան էլ այդպես չէ։ Կա առողջացման ծրագիր, օրինակ, մեր ընկերության կողմից պարտապանների համար գրվել են «առողջացման ծրագրեր», դրանք հաստատվել են դատարանի կողմից և, այսպես ասած, պարտապանն «առողջացել է»։ Խնդիրներ այս ոլորտում կան, որոնցից մեկը կբարձրաձայնեմ։ Այն վերաբերում է կամավոր սնանկությանը։ Օրենքը նախատեսում է, որ համապատասխան պայմանների դեպքում անձը պետք է դիմի սնանկության։ Այսպիսով, անձը դիմում է սնանկության, ներկայացվում են համապատասխան տեղեկանքներ, օրինակ՝ Կադաստրի կոմիտեից, Ճանապարհային ոստիկանությունից, որ չունի գույք և ունի X պարտավորություն, օրինակ՝ 3 միլիոն դրամ։ Այս տեղեկանքներից զատ ներկայացնում է նաև հայտարարություն այն մասին, որ դրամական միջոցներ չունի։ Շատ դեպքերում կան դատավորներ, որոնք պահանջում են լրացուցիչ ապացույցներ, օրինակ, որ ապացույց բերվի այս կամ այն բանկից։ Ես այդ մոտեցման հետ համաձայն չեմ, քանի որ, եթե անձը հայտարարություն է տալիս, որ գույք չունի՝ արդեն իսկ պետք է բավարար լինի դատարանի համար, որպեսզի նրան սնանկ ճանաչի։ Հակառակ դեպքում, եթե դատարանը կասկածներ ունի դրա օրինականության վերաբերյալ, որ անձը դատարանին ստում է, ապա դրա համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։

Եթե դատարանը մտածում է, որ կա կեղծ կամ կանխամտածված սնանկություն՝ դրա համար էլ օրենքով նախատեսված գործիքակազմ գոյություն ունի․ կարող է նյութերն ուղարկել դատախազություն և դատախազությունը կզբաղվի այդ գործով։

Տեսեք՝ ինչ իրավիճակ է ստեղծվում․ եթե դատարանն այդ ապացույցներով ուզում է համոզվել, որ անձը գույք չունի, դատարանը երբեք դրանում չի համոզվի, որովհետև անձը կարող է Մոսկվայում, Փարիզում գույք ունենալ, այսինքն բոլոր տեղերից պետք է տեղեկանքներ պահանջի։ Դրա համար էլ այս մոտեցման հետ ես համաձայն չեմ ու չեմ կարող դա հասկանալ, շատ դեպքերում լուրջ դժվարություններ է առաջացնում անձի համար՝ ով ուզում է սնանկ ճանաչվել։

-Նշված պարագայում ի՞նչ լուծումներ կարող եք առաջարկել։ 

– Պետք է դատավորների կողմից լինի ընդհանուր մոտեցում և համապատասխան խաղի կանոններ, որ եթե ներկայացրեց անձը՝ թե գույք չունի, ապա այն պետք է բավարար լինի անձին սնանկ ճանաչելու համար։ Հիմա ունենք տարբեր մոտեցումներ, դրանք պետք է վերանան։

– Արդյո՞ք կորոնավիրուսից հետո սնանկության հարցով Ձեզ դիմողները շատացել են։ 

-Այո, շատացել են։ Այս ընթացքում մեզ դիմել են տնտեսվարողներ, ովքեր հարկադրված սնանկության վարույթում են հայտնվել և մենք ներկայացնում ենք նրանց շահերը, բանակցում ենք պարտատերերի հետ, նախաձեռնում առողջացման ծրագիր ներկայացնել։

-Քանի որ «Ֆիդելիս»-ն առավել շատ առնչվում է տնտեսվարողների հետ՝ կասե՞ք, թե հիմնականում ի՞նչ խնդիրների մասին են նրանք բարձրաձայնում։ 

-Մեզ դիմում են բազմաթիվ տնտեսվարողներ, նրանց հարցերը, խնդիրները գրեթե նույնն են, կապված պետական մարմիների՝ Պետական եկամուտների կոմիտեի, համայնքապետարանների, ոստիկանության հետ։ Հիմնականում խնդիրները օրենսդրական բացերի պատճառով են առաջանում։ Մենք փորձում ենք եղած իրավակարգավորումների շրջանակներում մեր տնտեսվարողների խնդիրները կարգավորել։

Օրինակ` ՊԵԿ-ը տնտեսվարող սուբյեկտին նշանակում է վարչական տուգանք, վարչական ակտ է կայացնում ու տուգանում X գումարի չափով։ Այս ակտը բողոքարկելու երկու ճանապարհ կա՝ վերադասության կարգով բողոք ներկայացնել ՊԵԿ նախագահին և երկրորդը՝ դիմել դատարան։ Սկզբնական շրջանում վերադասության կարգով բողոք էինք ներկայացնում, այդ մասով սպառելուց ու մերժում ստանալուց հետո նոր դիմում էինք դատարան։ 90 տոկոս դեպքերում, պայմանավորված իրենց շահերով, ՊԵԿ-ը բողոքները մերժում էր, իսկ դատարանում գործը շահում էինք, ակտը անվավեր էր ճանաչվում։ Վստահ եմ, որ Պետեկամուտների կոմիտեում կան լավ իրավաբաններ, որոնք նույնպես հասկանում են, որ այդ նույն ակտը, որը մենք բողոքարկել էինք և ՊԵԿ-ը անվավեր չէր ճանաչել՝ իրականում անվավեր ակտ է ու դատարանով մենք կարողանալու ենք այդ հաջողությանը հասնել։

ՊԵԿ-ը պետք է օբյեկտիվ քննություն անցկացնի, ու եթե կան հիմքեր՝ ակտն անվավեր ճանաչելու համար, ապա պետք է այն անվավեր ճանաչի, որպեսզի գործը դատարան չհասնի ու դատարանները չծանրաբեռնվեն։

-Կարո՞ղ ենք ասել, որ այստեղ մեղքի իրենց մասնաբաժինն ունեն նաև տնտեսվարողները, որովհետև հիմա այնպիսի պրակտիկա է ձևավորվել, որ տնտեսվարողը մինչև լուրջ իրավաբանական խնդրի առաջ չի կանգնում՝ չի դիմում մասնագետի։ Ո՞րն է սրա պատճառը։ 

-Այո, այսօր մեր երկրում տնտեսվարողները չեն դիմում փաստաբաններին, այդպիսի մշակույթ չկա, նրանց թվում է, թե դա լրացուցիչ ֆինանսական միջոցների վատնում է, բայց իրականում պատկերն այլ է․ չդիմելու հետևանքով ունենում են խնդիրներ և ստեղծված խնդիրների արդյունքում ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներ են վատնում։

Բայցև կարող եմ ասել, որ իրավիճակի փոփոխություն նկատվում է։ Մեր գրասենյակ արդեն դիմել են տնտեսվարողներ, ովքեր որևիցե խնդիր չունեն ու դիմել են փաստաբանական գրասենյակ, կնքել սպասարկման պայմանագիր ու խնդիր լինելու դեպքում ցանկացած պահի կարող են դիմել փաստաբանին։

-Որքանո՞վ է կարևոր նման հարցերով իրավաբանական ընկերության դիմելը։

-Փաստաբանական ընկերության առավելությունն այն է, որ տնտեսվարողի գործով չի զբաղվում մեկ իրավաբան, ով կարող է լինել վատառողջ, արձակուրդում գտնվել և այլն։ Այս պարագայում մեծ թիմ է աշխատում, որտեղ կան տարբեր մասնագիտացումներ ունեցող անձիք։

-Իրավաբանական ընկերությունների համար Հայաստանում ի՞նչ խոչընդոտներ են առաջանում, ինչ լուծումներ եք դրանց համար տեսնում։ 

-Փաստաբանական համայնքն ինքնակարգավորվող միավոր է և այս մասով կարող եմ ասել հետևյալը՝ ամեն փաստաբան ինքը պետք է բարձրացնի փաստաբանի հեղինակությունը՝ վստահորդի, պետական մարմինների հետ շփումների արդյունքում, այնպիսի վարքագիծ պետք է դրսևորի, որ հասարակության մեջ փաստաբանի դերը բարձրանա, որ հասարակության մեջ փաստաբանի նկատմամբ հարգանքը բարձրանա։ Ցանկացած պետության իշխանություն, եթե ուզում է ունենալ իրավական պետություն, ուզում է ունենալ օրենքի երկիր, պետք է շահագրգռված լինի, որ լինի ուժեղ փաստաբանական համայնք։

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել