Արդյո՞ք կնոջ տեղը միշտ պետք է տղամարդը վճարի

Հրավիրվածների հաշիվը վճարում է հրավիրողը անկախ այն բանից, կին է նա, թե տղամարդ: Մեզ մոտ՝ Հայաստանում, ընդունված է, որ կնոջ համար միշտ պետք է վճարի տղամարդը (սրճարանում, ռեստորանում, կինո, թատրոն գնալիս և այլուր): Սակայն միշտ պետք է հիշել, որ մեր օրերում կինը տղամարդու հետ հավասար իրավունքներ ունի և կնոջ վաստակը երբեմն ավելի մեծ է, քան տղամարդունը. ուստի կնոջ վճարելու ցանկությունը միանգամայն բնական է և ընդունելի:

Սովորաբար ռեստորանում կամ սրճարանում հաշիվը մատուցում են համապատասխան մատուցարանի կամ ափսեի վրա դրված: Նման դեպքում դրամը ևս դնում են մատուցարանի վրա:

Հավելավճար կամ թեյավճար տալը մեզ մոտ շատ տարածված է: Ինչպես արտասահմանյան շատ երկներում, մեզ մոտ ևս արդեն կան սրճարաններ և ռեստորաններ, որտեղ աշխատող մատուցողների համար թեյավճարը միակ կամ գլխավոր եկամուտն է: Որպես կանոն, թեյավճարը ներառված է լինում հաշվի մեջ: Սովորաբար թեյավճար թողնում են ընդհանուր հաշվի 10%-ի չափով, սակայն դա ևս ինդիվիդուալ է. չի բացառվում, երբ թեյավճարը գերազանցի (անգամ մի քանի անգամ) հաշվի ընդհանուր գումարը:

Անպատշաճ է պահանջել հաշիվը, երբ սեղանի շուրջը նստածներից որևէ մեկը դեռ չի ավարտել ուտելը կամ սուրճ խմելը:

Ռեստորանից կամ սրճարանից դուրս գալու ցանկությունը սովորաբար հայտնում է ավագը կամ կինը: Դուրս գալիս հրաժեշտ են տալիս մնացող սեղանակիցներին՝ թե՛ ծանոթներին, թե՛ անծանոթներին: Որպես կանոն, ծանոթ տղամարդիկ վեր են կենում նստած տեղերից: Անծանոթները կարող են չկանգնել, այլ նստած գլուխ տալ:

Հանդերձասրահում նախ հագնվում է տղամարդը, այնուհետև օգնում է հագնվել կնոջը: Ռեստորանից տղամարդը դուրս է գալիս կնոջ դուրս գալուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել