Պատարագը քրիստոնյայի կյանքի ամենակարևոր արարողությունն է. Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը` Պատարագի մասին

Պատարագը Քրիստոսի մարմնի ու արյան պատրաստության ճաշակման խորհուրդն ունի, ներկայացնում է Քրիստոսի զոհաբերությունը՝ մարդու փրկության համար։ Որպեսզի մարդը չմնար մեղքի մեջ, Աստված տվեց իր միածին որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ նրա միջոցով, նրա հետ հաղորդակից դառնալով՝ մարդը կարողանա փրկվել։ Սուրբ Պատարագը խորհրդանշում է Քրիստոսի զոհաբերությունը։ Այս մասին Իրավաբան.net«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում ասաց Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը։

-Ու՞մ կողմից է հաստատվել Սուրբ Պատարագը։

– Անձամբ հենց Հիսուս Քրիստոսի կողմից հաստատվեց։ Վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոսը վերցրեց հացը, գինին, օրհնեց, տվեց աշակերտներին՝ ասելով՝ առեք, կերեք, այս է իմ մարմինը՝ ձեր մեղքերի թողության համար, և այս է իմ արյունը՝ նոր ուխտ եմ հաստատում ձեզ հետ։ Եվ հենց այս ուխտը հաստատեց Քրիստոսը։ Այսինքն՝ պայման կապվեց, որ մարդը պիտի հետևի Քրիստոսին, նրա միջոցով հասնի փրկության, վերադառնա դրախտ։ Եվ Քրիստոսի մարմինն ու արյունը ճաշակելով է, որ մարդը պիտի կարողանա մարքվել։

– Տեր Բարդուղիմեոս, գոյություն ունի՞ որևէ ավանդապատում այս առումով։

– Սկզբում բանավոր է եղել Պատարագը, այսինքն՝ Քրիստոսի համբարձումից հետո, երբ 10 օր անց աշակերտները ստացան Սուրբ հոգու շնորհները, իրենք, Քրիստոսի խոսքի համաձայն, որ ասել էր՝ այդպես կանեք և դուք, աշակերտները սկզբում բանավոր կերպով կատարում էին, վերցնում էին հացը և գինին, օրհնում, հիշում որևէ դրվագ Քրիստոսի գործունեությունից, քարոզչություն կատարում և ճաշակում էին, որը նաև կոչվում էր «ագապե»։ Հետագայում, երբ դարերի ընթացքում աշակերտները նահատակվեցին, մահացան, իրենց աշակերտները, մեր եկեղեցու Սուրբ հայրերը սկսեցին կանոնակարգել այս Պատարագը, թե ինչպես այն կատարվի։

– Ե՞րբ է իրականացվում Սուրբ Պատարագը։

– Ամեն կիրակի, որովհետև Տերունի օր է համարվում կիրակին, Տիրոջը նվիրված օր է համարվում։ Բայց, քանի որ բացի Տերունի օրից շաբաթվա ընթացքում կան նաև սրբերին նվիրված հիշատակության օրեր՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգաշբթի և շաբաթ օրերը, այս օրերին ևս կարելի է մատուցել Սուրբ Պատարագ։

– Փորձենք առանձին-առանձին անդրադառնալ Պատարագի մասերին։ 

– Մինչ Սուրբ Պատարագի բուն խորհրդին հասնելը, հոգևորականը և եկեղեցին պատրաստվում են։ Հոգևորականը գալիս, մտնում է ավանդատուն և հին զգեստները հանում է, նոր, ավելի պայծառ զգեստներ է հագնում, որը խորհրդանշում է հին մարդու անկումը, և Քրիստոսով նորոգվելու խորհուրդն ունի։ Թագ է դնում քահանան, վակաս է դնում, ճերմակ շապիկ է հագնում և քահանայական մյուս զգեստները, որոնք խորհրդանշում են Քրիստոսի փառքը։

Քահանան գնում է եկեղեցու ատյան՝ կենտրոնական հատված, այնտեղ խոստովանություն է տեղի ունենում, քահանան խոստովանում է իր գործած մեղքերը, որովհետև ինքը ևս մարդ է և կարող է մեղք գործել։ Այստեղից սկսվում է Պատարագի առաջին հատվածը, երբ բարձրանում են Սուրբ խորան և այնտեղ տեղի է ունենում առաջադրությունը՝ հացի և գինու պատրաստությունը։ Բարեխոսության շարականն է հնչում, քահանան խնկարկում է Սուրբ սեղանը, իջնում է ներքև, որը կոչվում է աշխարհգալոց։

Օրհնելով ժողովրդին՝ խնկարկելով բարձրանում է Սուրբ սեղան և Երեքսրբյանն է հնչում։ Հետո ընթերցվում են օրվա սուրբգրային ընթերցվածքները՝ Հին կտարարանից, Նոր կտակարանից կամ որևէ առաքյալի թղթերից և դրանից հետո եկեղեցու խորանից ընթերցվում է օրվա Ավետարանը։ Հետո բոլորը միասին ընթերցում են բարձրաձայն մեր եկեղեցու ամենակարևոր դոգման՝ մեր Հավատամքն է բարձրաձայն ասվում, թե ինչին ենք մենք հավատում։

Բուն Պատարագ ինչի ենք ասում, որովհետև Պատարագի բուն խորհուրդը հենց այստեղ է տեղի ունենում։ Քրիստոսը վերցրեց հացը և գինին, օրհնեց և ասեց՝ սա է իմ մարմինը և սա է իմ արյունը։ Մենք Պատարագի ժամանակ վերցնում ենք բաղարջ հաց, անապակ գինի, աղոթք ենք անում, որ սա փոխակերպվի ու դառնա Քրիստոսի մարմին և արյուն։ Բուն խորհուրդը՝ փոխակերպությունը, հենց այս հատվածում է տեղի ունենում։

Օրինակ՝ երբ հնչում է «Որդի Աստծո» շարականը, և քահանան երեք անգամ օրհնում է հացը, երեք անգամ օրհնում է գինին, երեք անգամ օրհնում է հացը և գինին միասին և բուն խորհուրդը փոխակերպման, երբ այլևս հացը և գինին դառնում են Քրիստոսի մարմին և արյուն, հենց այս հատվածում է տեղի ունենում։

Մինչ այս ընթացքը շատ կարևոր արարողություն է տեղի ունենում՝ քահանան հանում է իր թագը, այսինքն՝ իր իշխանությունը հանում է և մտնում է ծառայողական կերպի մեջ։ Հանում է իր հողաթափերը, որովհետև իր առջև է դրված լինելու ամենակարևոր սրբությունը՝ Քրիստոսի մարմինը և արյունը։ Հաջորդում է սրբերի հիշատակությունը, երբ խնդրում ենք սրբերի բարեխոսությունը մեր համար։

– Եկեք անցում կատարենք Պատարագի վերջին՝ Արձակման հատվածին։ Ի՞նչ է տեղի ունենում այս հատվածում։

– Պատրաստում ենք սուրբ հաղորդությունը՝ Քրիստոսի մարմինն ու արյունը, խնդրում ենք սրբերի բարեխոսությունը, ուրախանում ենք և հետո տալիս ենք քրիստոնյային, որ ճաշակի, և ճաշակումից հետո է, որ սկսվում է Արձակումը։ Այսինքն՝ մենք բոլորին հրավիրել էինք եկեղեցու ներս՝ քրիստոսի հետ միավորվելու, և հիմա արձակում ենք, ազատ ենք թողնում, որ ինքը դուրս գա և Քրիստոսի խորհրդի մեջ կարողանա ապրել։

– Տոնական օրերին, օրինակ՝ Սուրբ Ծնունդին, Սուրբ Հարության տոնին,  տեսնում ենք, որ պետական պաշտոնյաները ևս մասնակցում են սբ. Պատարագին։ Սա պետական արարողակարգի մա՞ս է, թե ավելի շատ օրինակ ծառայելու դրվագ, ի՞նչ կասեք այս մասին, որքանո՞վ է կարևոր, որ պետական պաշտոնյան, երկրի ղեկավարները մասնակցեն Պատարագին։

– Արարողակագային չէ, որովհետև Պատարագը հիմնականում շատ պարզ է և նույնիսկ չունենք տոնական ավելի ուրիշ կերպ կամ առօրյա Պատարագ։ Այն նույնն է։ Եթե հոգևորականների համար գոյություն չունի, ապա առավել ևս աշխարհիկների համար չկա արարողակարգային որևէ բան։ Սա օրինակ ծառայելու խորհուրդը ունի։ Որպես քրիստոնյա, պաշտոնյա անձը, ներկայանում է Պատարագին, բնականաբար, եկեղեցին, որպես Աստծո տուն, կարևորում է այս մարդու դերն ու նշանակությունը համայնքային կամ պետության կյանքում և նրան պատիվ է անում առջևը կանգնելու։ Նրանք օրինակ են ծառայում։

– Տեր Բարդուղիմեոս, ամփոփելով զրույցը, ևս մեկ անգամ նշեք Սուրբ Պատարագի խորհուրդը։ Ինչքանո՞վ է պարտադիր քրիստոնյայի ներկայությունը Սուրբ Պատարագին։

– Պատարագը քրիստոնյայի կյանքի ամենակարևոր արարողությունն է։ Այսօր հասարակությունը չի գիտակցում Պատարագի կարևորությունն իր կյանքում։ Մեր քրիստոնյա ժողովուրդը եկեղեցական ամեն արարողությանը ասում է Պատարագ։ Ինչի՞ համար է Պատարագը կարևոր. որովհետև Պատարագի միջոցով է երկու կարևորագույն խորհուրդ տեղի ունենում։ Նախ՝ Ապաշխարության խորհուրդը իր լրումին է հասնում Հաղորդությամբ, և հենց Հաղորդության խորհուրդը։

Մենք կարող ենք կեղտոտվել, բայց չենք զլանում, անընդհատ լվացվում ենք, մեր մարմնին հետևում ենք։ Նույն կերպ մեր հոգին պիտի կարողանանք սնել, լվանալ, մաքրել։ Իսկ հոգու լվացման, մաքրման, հարդարման ամենակարևոր արարողությունը Սուրբ Պատարագն է։ Այո, քրիստոնյայի համար պետք է պարտադիր մասնակցություն Պատարագին, որովհետև Պատարագի խորհրդի միջոցով ենք վերահաստատում մեր միավորումը Քրիստոսի հետ։ Մենք չենք կարող ասել՝ մկրտվեցի կամ մի անգամ մասնակցեցի Պատարագին, այլևս մեղք չեմ գործելու։ Աստված սպասում է մարդուն իր տաճարի մեջ։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել