Վ.Դավթյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության` վարչական ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, hայցվորը ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ 20.12.2011թ. Դ.Դավթյանի և «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի միջև կնքվել է ԱՊՊԱ պայմանագիր, համաձայն որի` լիազորված տիրապետող նշանակվել է Վ.Դավթյանը։
14.04.2012թ. կայացվել է որոշում վարչական իրավախախտման վերաբերյալ (129.1-րդ հոդվածի 2-րդ մաս), hամաձայն որի` նշանակվել է տուգանք 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով «չգործող ԱՊՊԱ կտրոնով Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոց վարելու» համար։
Սույն հոդվածը նախատեսում է պատասխանատվություն այն դեպքերի համար, երբ անձը չի կնքել ԱՊՊԱ պայմանագիր ու տրանսպորտային միջոցը վարում է կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ԱՊՊԱ կտրոնով։ Իսկ սույն պարագայում պատասխանողին ներկայացվել է կնքված գործող ԱՊՊԱ Պայմանագիր։ Ավելին, չգործող ԱՊՊԱ կտրոնը կիսով չափ քերված է եղել դիմապակուց։
Սույն գործով դատարանն ապացուցված է համարել, որ վարչական վարույթի ընթացքում չի պահպանվել անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգը, քանի որ չի ապահովվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածով սահմանված գործի հանգամանքների համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը։ Գործի քննությամբ պարզվեց նաև, որ հայցվոր Վ.Դավթյանը չի ծանուցվել բողոքի քննության ժամանակի և վայրի մասին։
Դատարանի եզրահանգմամբ՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տվյալ դեպքում պետք է ծանուցեր Վ.Դավթյանին` ունենալով պատշաճ ծանուցման ձևի ընտրության հայեցողություն։
Դատարանը վճռեց Վ.Դավթյանի հայցը բավարարել: