Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննարկման կարգը

ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը սահմանում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով կարող է փոխարինվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով դրա համար սահմանված նվազագույն ժամկետը:

Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինում չի կիրառվում, երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացրել է մարդու մահ, և դատապարտյալը ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը:

Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցերը պատիժը կատարող հիմնարկի կողմից քննարկվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իսկ ի՞նչ կարգով է քննարկվում վերը նշված հարցը:

ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել է հետևյլա կարգը:
Միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշմանը հավանություն տալու կամ չտալու նպատակով ստեղծվում են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովներ (այսուհետ` հանձնաժողովներ), որոնց կազմերում ընդգրկվում են համապատասխան գերատեսչությունների և հասարակության ներկայացուցիչներ:

Հանձնաժողովների անհատական կազմերը, ըստ սպասարկվող քրեակատարողական հիմնարկների ցանկի, հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Յուրաքանչյուր հանձնաժողով կազմված է 8 անդամից, այդ թվում` հանձնաժողովի նախագահից:

Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում այն ներկայացնում է հանձնաժողովին` կցելով դատապարտյալի վերաբերյալ բնութագիրը:

Ստացված որոշումների հիման վրա հանձնաժողովի նախագահը նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգը և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ օրն առաքում հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի պետին:

Ենթահանձնաժողովը ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվա 15-րդ օրը, քրեակատարողական հիմնարկի ղեկավարի հետ համաձայնեցված օրը այցելում է պատիժը կատարող հիմնարկ, ծանոթանում դատապարտյալի անձնական գործին, մեկուսի հանդիպում նրա հետ, անհրաժեշտության դեպքում հանդիպում է նաև պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի հետ:

Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր ամսվա 25-րդ օրը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության շենքում:

Հանձնաժողովի նիստն սկսվելուց անմիջապես հետո հանձնաժողովի անդամներին բաժանվում է քվեաթերթիկ, որում, ըստ օրակարգային հարցերի հերթականության, ընդգրկվում են նիստի օրակարգի բոլոր դատապարտյալների անուն-ազգանունները: Քվեաթերթիկում յուրաքանչյուր դատապարտյալի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյուններով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել