Մեզ պետք է առավելագույնս կանխել այն վերահաս վտանգները, որը խոստանում է Փաշինյանի անակընկալ վերհառնած իշխանությունը. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԹԱՐՄ ՀԵՏՔԵՐՈՎ

Հունիսի 18-ին ես գրել էի նրա մասին, որ երկու օրից մենք գնալու ենք ոչ թե դասական ընտրությունների, այլ ճակատագրական Ընտրության։ Այդպես էլ եղավ՝ հունիսի 20-ի գիշերը, երբ ես ընտրատեղամասում ուշի-ուշով հետևում էի քվեատուփից հանվող թերթիկներին, սեղանի վրա արագ աճող 3 և 24 համարների տրցակներին, և մնացած 24 «կուսակցությունների» ծիծաղելու աստիճան աննշան արդյունքներին (մեր տեղամասում երրորդ տեղ եկած ուժը ընդամենը 2.5% էր հավաքել, մնացածներն՝ էլ ավելի քիչ), ակնհայտ էր դառնում, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը գնացել է ընտրելու ոչ թե տարբեր կուսակցությունների, այլ ապագայի երկու տրամագծորեն տարբեր տեսլականների միջև։

Առաջին տեսլականը Փաշինյանի ներկայացրած «ապագան» է, որում կա սոցիալական արդարություն, սակայն չկան ազգային իդեալներ, փոխարենը առաջարկվում է հարմարվողականություն Ռուսաստանի և Թուրքիայի դոմինանտ տարածաշրջանային շահերին, ընդհուպ մինչև սեփական պետության տարբեր սուվերեն ատրիբուտներից հրաժարվելու միջոցով (ինչն արդեն արագ թափով տեղի է ունենում պատերազմի ավարտից ի վեր)։ Այդ ապագայում Արցախը այլևս գոյություն չունի, Հայաստանը լավագույն դեպքում պետք է վերադառնա իր խորհրդային սահմաններին, իսկ իրականում նրա տարածք կսկսի ներթափանցել ագրեսիվ թուրքական տարրը (ինչն արդեն սկսվել է Սյունիքում և Գեղարքունիքում, հերթի վրա Տավուշը, Վայոց ձորն ու Արարատն են): Հայկական ավանդական արժեքները և ինստիտուտները կհայտարարվեն վնասակար, և աստիճանաբար կվերանան, փոխարենը մենք կապրենք գլոբալացված անդեմ և անսեռ աշխարհում։

Երկրորդ տեսլականը Քոչարյանի և նրա տարբեր դաշնակիցների կողմից ներկայացված «սպարտական» տիպի պետությունն է, որում սոցիալական արդարությունը երկրորդ պլան է մղված, փոխարենը շեշտը դրված է անվտանգության, պետության ուժեղացման և երկարաժամկետ դիմադրողականության վրա։ Այս տարբերակում թուրքական տարրի ներթափանցման դեմ ավելի կոշտ պայքար է գնում, փորձ է արվելու վերականգնել Արցախի նկատմամբ հայկական վերահսկողությունը, սակայն Հայաստանը շարունակում է շրջափակված մնալ թուրքական երկու պետությունների կողմից, և պահպանվում է նրանց հետ նոր մեծ պատերազմների և անխուսափելի մարդկային կորուստների անմիջական վտանգը։

Փաստացի, ընտրողների հիմնական մասը՝ 80%-ից ավել, ընտրել է այս երկու տարբերակների միջև, մնացածն էլ իրենց ձայնը տվել են միջանկյալ տարբեր վարիացիաների օգտին, որոնցից ոչ մեկը բավարար ինքնուրույն գրավչություն չի ունեցել, որպեսզի հաղթահարի անցողիկ շեմը, ուստի հետագա վերլուծության տեսակետից կարելի է մի պահ անտեսել։ Այս երկու հիմնական տարբերակների միջև Ընտրության հարաբերակցությունը մոտավորապես 2:1 է, ի օգուտ Փաշինյանի առաջարկած ապազգային, թույլ, բայց սոցիալապես արդար և առերևույթ անվտանգ «ապագայի»։ Ընդ որում, երկրի տարբեր մասերում պատկերը խիստ տարբեր է՝ Երևանի համեմատաբար բարեկեցիկ և կրթված հատվածներում Փաշինյանը պարտվել է ընդդիմությանը, Երևանի միջին բարեկեցության հատվածներում արդյունքը մոտավորապես հավասար է, իսկ դրանից դուրս արդյունքը սկսում է շեղվել Փաշինյանի օգտին, ընդ որում որքան անապահով և խեղճ է համայնքը, այնքան բարձր է Փաշինյանի ստացված քվեն։

Շատերը կհակադարձեն հիմա, որ այդ համայնքներում Փաշինյանի հավաքած ձայների զգալի մասը ադմինիստրատիվ ճնշման և ընտրակեղծիքների արդյունք է։ Թերևս այդպես էլ կա, բայց դա էապես չի փոխում ընդհանուր պատկերը՝ եթե մարդը ընդունակ չի իր կամքով ընտրություն կատարել, կամ էլ աչք է փակում ընտրակեղծիքների վրա, նա ի սկզբանե տեղավորվում է Փաշինյանի դասական ընտրողի սահմանաման մեջ, և լավագույն դեպքում ընտրում է աղքատության ճիրաններից դուրս գալու մշուշոտ հույսը, և ոչ թե վեհ ազգային իդեալները։

Արդյունքում այսօր մենք ունենք Հայաստան, որի համեմատաբար ակտիվ բնակչության մոտ 1/3-ը պատրաստ է պայքարել հանուն սեփական ազգային պետության, սակայն 2/3 էլ, տարբեր պատճառներով, նախընտրում է հրաժարվել այդ պայքարից, և փոխարենը ապրել կյանքով, որում գուցե և երաշխավորված են իր անձնական նվազագույն իրավունքները և ապահովությունը, սակայն այլևս գոյություն չունեն միասնական ազգային իդեալներ և անկախ պետություն՝ երկու հենասյուներ, որոնք մեր, հայերիս դեպքում անընդհատ մաքառում և զոհաբերություններ են պահանջում, բայց որոնք մեզ միասին են պահում որպես հավաքական ուժ, և տալիս ապրելու իմաստ։

Լինելով առաջին մեկ երրորդի ավանգարդում, գուցե ամենահեշտն է այսօր մյուս երկու երրորդին մեղադրել տգիտության, նյութապաշտության, թուլամորթության մեջ։ Ավելի կարևոր է սակայն հասկանալ մեր համաքաղաքացիների այս գերակա հատվածի շարժող մոտիվները, և փորձել նրանց, կամ էլ արդեն նրանց երեխաներին, ավելի գրավիչ ապագա առաջարկել, քան այն, ինչով այսօր նրանց վարպետորեն կերակրում է Փաշինյանը, ինչպես նաև այն, ինչն այսօր փաստացի պակաս հաջողությամբ առաջարկում է Քոչարյանը։ Եթե մենք ցանկանում են մեր երկրի տարածքում ազգային պետություն ունենալ և հետևողական զարգացնել, պետք է իրատեսորեն գնահատենք մեր կարող ուժերը, բայց և այդ ուժերի մոբիլիզացիայի և կիրառման նոր, ստեղծագործ մոտեցումներ ձևավորենք, այլապես մենք մնալու ենք ավանդական դարձած «դաշնակների» և «բոլշևիկների» հակամարտության աքցանում, և յուրաքանչյուր պատմական շրջադարձում նոր կորուստներ կրենք, մինչև պետության վերջնական կործանում։ Սա է լինելու մեր հիմնական առաքելությունը առաջիկա տարիներին և տասնամյակներին, և միայն կոլեկտիվ հաջողելու դեպքում մենք կկարողանանք պահպանել մեր պետությունը և որպես ազգ ապրելու իրավունքը։

Մինչ այդ, մեզ պետք է առավելագույնս կանխել այն վերահաս վտանգները, որը խոստանում է Փաշինյանի անակընկալ վերհառնած իշխանությունը, որը նորից կարող է սահմանադրական մեծամասնություն ստանալ Ազգային ժողովում, և շարունակել իր ճաշակով վերաձևել ամբողջ պետական համակարգը (թեև արդեն շատ բան չի մնացել քանդելու), և երկրի սահմանները լայն բացել թուրքական ներթափանցման առաջ։ Այսօր կան կոնկրետ քայլեր, որոնք պետք է հրատապ անել, խոչընդոտելու Փաշինյանի հերթական միահեծան կառավարման հաստատմանը, սակայն սրա մասին կխոսեմ առանձին գրառման մեջ։

Փոխարենը, ի ամփոփում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մեր համաքաղաքացիներին, որոնք իրենց սրտով և մտքով ընտրել են մեր ազգային պետությունը (անկախ նրանից, թե կոնկրետ ինչ ուժի են քվեարկել)՝ դուք եք այն կայուն հիմքը, որի վրա կառուցվելու է այդ պետությունը, և մենք միասին դեռ երկար ու դժվարին, բայց և փառավոր ճանապարհ ունենք անցնելու։ Բոլոր նրանց էլ, ովքեր այսօր ընտրել են Փաշինյանի խոստացած «ապագան», ես պարտավորվում եմ երբևիցե ավելի գրավիչ և արժանապատիվ ապագա առաջարկել՝ դա մեր պարտքն է ձեր հանդեպ, և այդ պարտքը մենք պետք է հատուցենք, եթե ցանկանում ենք, որ մենք և մեր զավակները ապրեն մեր երազած ազգային պետությունում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել