ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերեվարված անձանց ազատ արձակումն ու վերադարձը տուն. պետքարտուղար

Երևանում ԱՄՆ դեսպանատունը տարածել է Պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը․

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի քայլերը

Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերեվարված անձանց ազատ արձակումն ու վերադարձը տուն։ Մենք նաև ողջունում ենք Հայաստանի որոշումը Ադրբեջանին տրամադրել կարևոր տեղեկատվություն, որը կօգնի մարդասիրական ականազերծման աշխատանքներին ու թույլ կտա խուսափել հետագա դժբախտ պատահարներից։

Մենք երախտապարտ են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն ու Վրաստանի կառավարությանը՝ այս քայլերին օգնելու հարցում ունեցած էական դերակատարման համար, որը տարածաշրջանի ժողովրդին ավելի է մոտեցնում խաղաղ ու բարեկեցիկ ապագային, որին նրանք արժանի են։

Միացյալ Նահանգներն ուրախ է աջակցել այս քայլերին և հուսով է, որ դրանք հող կնախապատրաստեն հավելյալ համագործակցության համար։

Միացյալ Նահանգները կրկին կոչ է անում վերադարձնել բոլոր գերեվարվածներին և հայտնում, որ պատրաստ է աջակցել տարածաշրջանի երկրներին՝ համագործակցությունը շարունակելուն ուղղված ջանքերում ու լուծելու նրանց միջև առկա չլուծված խնդիրները։

Մենք նաև շարունակում ենք հորդորել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել առարկայական բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բանակցելու հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորման շուրջ»։

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գավառում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 15 գերիներն արդեն Հայաստանում են։

«Ես հիմա հարկ եմ համարում անդրադառնալ մեր 15 եղբայրների վերադարձի բոլոր հանգամանքներին։ 2 օր առաջ ես հանդիպում ունեցա ԱՄՆ պեռտքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի հանձանարարույամբ ունի առաքելությունինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե մենք պատրաստ ենք այդպիսի համագործակցության, ապա իրենք պատրաստ են ներգրավվել այդ գործին։

Ես, բնականաբար, ասեցի, որ մենք պատրաստ ենք, և այսօր գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում՝ Վրաստանի վարչապտի, վրաց մեր եղբայրների, նաև ուզում եմ հիշատակել Եվրամիության մեր գործընկերներին։ Նրանք Կարմիր կամուրջով Ադրբեջանից մտել են Վրաստան, ապա՝ Բագրատաշենով ՀՀ։ Հիմա կտեղափոխվեն, բուժզննություն կանցնեն։ Մենք անպայման հարազատների հետ տեսակցությունն այսօր կապահովենք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 12-ին, Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասաց․

«Մեր գերեվարված եղբայրներից ևս 15-ը վերադառնում է Հայաստանի Հանրապետություն։ Բայց ես մանրամասն հայտարարություն այս պահին չեմ անի, նրանք ճանապարհին են, երբ որ կլինեն ՀՀ տարածքում, ես դրանից հետո միայն ավելի մանրամասն հայտարարություն կանեմ։ Էս պահին եկեք էսքանով սահմանափակվենք։

Ես հույս ունեմ, որ Գավառում մեր հավաքի ժամանակ կկարողանամ ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել, բայց այս պահին հետևյալն է՝ 15 մեր եղբայրներ մի քանի ամսվա գերեվարումից հետո վերադառնում են, և այս պահի խնդիրն է իրենց ընդունենք, հասցնենք իրենց տները և անմիջապես զբաղվենք մյուսների վերադարձի հարցերով:

Ես հույս ունեմ, որ ոչ մեկս չենք կասկածում, որ մենք մեր բոլոր եղբայրներին վերադարձնելու ենք։ Դա ժամանակի խնդիր է, և մեզ պետք է համբերություն։

Ես ուզում եմ ներողություն խնդրել այն ընտանիքներից, ում զավակներն այսօր չեն վերադառնում և նրանց վերադարձն էլի հետաձգվում է։ Ես հույս ունեմ, որ նրանք ըմբռնումով կմոտենան։ Որովհետև հիմա սա ամենադժվար պահն է, երբ, ցավոք, չենք կարող բոլորին միանգամից վերադարձնել, և որ վերադառնում է մի մասը։

Իհարկե, այսօր 15 ընտանիք իրենց երջանիկ կզգան, բայց մյուսների համար էդ սպասման բեռն ու ծանրությունն ավելի կծանրանա։ Բայց այս է ճանապարհը։ Մենք մեր եղբայրներին պետք է խումբ-խումբ վերադարձնենք։

Եվ մենք ամեն ինչ անում ենք էդ նպատակն իրագործելու համար։ Եկեք հիմա մանրամասներ չասեմ։ Նրանք որոշ ժամանակ անց կլինեն ՀՀ տարածքում, և այդ ժամանակ արդեն լիարժեք անուն-ազգանուններով, բնակավայրերով, այլ հանգամանքներով ես ավելի մանրամասն կասեմ։

Այնպես որ, եկեք մեր եղբայրներին բարի վերադարձ մաղթենք»,- ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել