Ո՞րն է բանկի ներքին աուդիտի ստեղծման նպատակը

Ինչպես գիտենք՝ անկախ կազմակերպական-իրավական տեսակից՝ բանկերը պարտավոր են ունենալ օրենքով նախատեսված կառավարման մարմիններ, գլխավոր հաշվապահ և ներքին աուդիտի ստորաբաժանում:

Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և անդամները նշանակվում են բանկի խորհրդի կողմից: Ներքին աուդիտի անդամ չեն կարող լինել բանկի կառավարման մարմինների անդամները, այլ ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպես նաև գործադիր մարմնի անդամների հետ փոխկապակցված անձինք:

Ներքին աուդիտի ղեկավարը և անդամները պարտավոր են պահպանել բանկի աշխատակիցների համար սահմանված աշխատանքային կարգապահությունը:

Բանկի ներքին աուդիտը բանկի խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն՝
ա) հսկողություն է իրականացնում բանկի ընթացիկ գործունեության և գործառնական ռիսկերի նկատմամբ.
բ) հսկողություն է իրականացնում բանկի գործադիր տնօրենի (տնօրինության), տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից օրենքների, այլ իրավական ակտերի և բանկի ներքին ակտերի, գործադիր տնօրենին (տնօրինությանը) տրված հանձնարարականների կատարման նկատմամբ.
գ) եզրակացություններ և առաջարկություններ է տալիս բանկի խորհրդի ներկայացրած, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ առաջադրված հարցերի վերաբերյալ:

Ներքին աուդիտի իրավասություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել բանկի կառավարման մարմինների կամ այլ անձանց լուծմանը:

Ներքին աուդիտի ղեկավարը խորհրդին և գործադիր տնօրենին (տնօրինությանն) է ներկայացնում հետևյալ հաշվետվությունները՝
ա) հերթական՝ տարեկան ծրագրով սահմանված ստուգումների արդյունքների մասին.
բ) արտահերթ, եթե բացահայտվել են ներքին աուդիտի հիմնավորված կարծիքով էական խախտումներ, ընդ որում, եթե խախտումները հետևանք են գործադիր տնօրենի (տնօրինության) կամ խորհրդի գործողությունների կամ անգործության, ապա հաշվետվությունը ներկայացվում է անմիջապես խորհրդի նախագահին: Այս դեպքերում հաշվետվությունները ներկայացվում են խախտումը հայտնաբերելուց առավելագույնը երկու աշխատանքային օրվա ընթացքում:

Ներքին աուդիտն օրենքների, այլ իրավական ակտերի խախտումներ բացահայտելու դեպքում պարտավոր է դրանք ներկայացնել բանկի խորհրդին՝ միաժամանակ առաջարկելով այդ խախտումների վերացման և ապագայում չկրկնման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումներ:
Բանկերում վերստուգիչ հանձնաժողով չի ստեղծվում:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել